Երեկ Երևան քաղաքի ավագանին ընդունեց քաղաքի՝ 2018-2022 թթ. զարգացման ծրագիրը, որն, ինչպես նախորդները, լի է քաղաքի զարգացման մասին պաթետիկ նախադասություններով և իրականությունից հեռու ցանկություններով:
Դրանցից աչքի է զարնում հատկապես առաջարկվող «Երևանյան պողոտա» պատմական Երևանի դիմագիծը ներկայացնող ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում մշակութային զբոսաշրջությունը:
«Երևանյան Պողոտա» ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճարտարապետական համալիր Երևանի բուսաբանական այգու հարակից տարածքում, որը կզբաղեցնի շուրջ 1.4 հա տարածք և կունենա թամանյանական ճարտարապետության բնորոշ մոտեցումներով կառուցված շենքեր, փողոցներ, հրապարակներ, կանաչապատ տարածքներ:
Տուրիստներին Երևան կանչող հաջորդ մեգանախագիծն, ըստ ծրագրի, «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման քաղաքապետարանի ցանկությունն է, որով նախատեսվում է Երևանի Աբովյան, Փ.Բյուզանդ, Ե.Կողբացի և Արամի փողոցներում վեր խոյացնել Հին Երևանը:
Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են վերստեղծելու «Հին Երևան»-ը, երբ տարիներ շարունակ քաղաքապետի որոշմամբ կամ թողտվությամբ քանդվում են Երևան կանչող պատմամշակութային կոթողները:
Տարբեր տարիների ընթացքում Երևանում ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան-շենք, քանդվել է ՀՀ օլիմպիական կոմիտեի պատմամշակութային հուշարձան շենքը, որի փոխարեն կառուցել են էլիտար շենք: «Երազ» ավտոմեքենաների գործարանի տեղում ևս նոր բնակելի թաղամաս կառուցվեց: Մինչև հիմա անհայտ է Երիտասարդական պալատի ճակատագիրը: Թե քանդված «Կուկուռուզնիկի» տեղում որ ներդրողն ինչ է կառուցելու, շարունակում է մնալ անհայտ և նման ճակատագրի արժանացած շենքերի ցանկը շատ է:
Երևանի քաղաքապետարանը, որդեգրած քաղաքականության համաձայն՝ քաղաքի ամենակարևոր և արժեքավոր հատվածները հանձնում է մեծահարուստներին, և հիմա, փաստորեն, հասկացել է, որ սուպերմարկետ կամ ռեստորան ունենալու փոխարեն՝ մեր արժեքն ավելի ծանրակշիռ կլիներ, եթե այդ արժեքավոր հինը ոչ թե ոչնչացներ, այլ՝ պահպաներ:
Եվ հիմա հարց է առաջանում «Հին Երևանն» ինչպե՞ս են վերակառուցելու, ի՞նչ գումարներով՝ քաղաքի բյուջեի՞, թե՞ ներդրողների: Պակաս կարևոր չէ հարցը, թե ովքեր են լինելու պատմամշակությաին շինությունները վերակերտող ճարտարապետներն ու որ շինընկերություններին է բաժին հասնելու այդ կարևոր առաքելությունը: Նրանք կընտրվեն մրցույթո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Այս հարցերին ծրագրերը ներկայացնողները դեռ պետք է պատասխաններ տան, որոնց երևանցինները սպասում են, բայց այն, որ քաղաքի զարգացման ծրագրում «Հին Երևան» ունենալու ցանկություն կա, արդեն լավ է, մնում է քաղաքապետարանը հավատարիմ մնա տված խոստամանը և գտնի այնպիսի մարդիկ, ովքեր գործից գլուխ կհանեն, թե չէ՝ կստացվի՝ «ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ կհանեն»:
Աղավնի Սուքիասյան