Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է:

 

Վերջինիս եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը, Հրազդան ԲԿ-ից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկա: Նրա վիճակը ծանր էր, սակայն այս պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորները և մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից են: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղապետ Զավեն Հարությունյանն ասաց, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում' տղայի կողքին, նրա կյանքին վտանգ չի սպառնում, արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:

 

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է տեղացած ձյունը և դրա հետևանքով առաջացած մերկասառույցը: Ուսանողներին տեղափոխող Mercedes Benz Sprinter-ի անվադողերն էլ եղել են ոչ ձմեռային, մինչդեռ՝ արդեն քանի օր է, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հատուկ զգուշացումներ են անում՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 

Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը մեզ ուշագրավ տեղեկություն հաղորդեց: Նա նշեց, որ վթարված ավոտմեքենան պատկանել է Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին: Գյուղապետը վրդովված ասաց, որ Սեդրակյանը փորձում է ուսանողներին գայթակղել՝ անվճար տեղափոխելով Երևան: Այսօր երկրորդ անգամ է տեղափոխում իրականացվել գյուղապետի թեկնածուին պատկանող մեքենայով, իսկ մինչ այդ' Վարսերից Երևան կանոնավոր փոխադրում է իրականացվել և ոչ մի խնդիր տեղի չի ունեցել:

 

«Մեքենա ունեին, նորմալ տանում էին, գնացին դեմը կտրեցին, չթողեցին տանել, թե բա մենք ենք տեղափոխում: Երեկ մի անգամ տարել են ուսանողներին, էսօր էլ էդ փորձանքը պատահեց: Գռուզավիկի վարորդին բերել դրել են գազելի վրա, ասում են՝ վարի, կվարի՞: Մարդը սաղ կյանքում կոլխոզի վարորդ է եղել, գազել կկարողանա՞ վարի, էն էլ էդ պիկ ժամերին»,- բավական զայրացած ասաց համայնքապետը:

 

Նշենք, որ Վարսերում համայնքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:

 

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ուսանողների առողջական վիճակը բավարար է, վերջիններս Հրազդան ԲԿ-ում համապատասխան բուժօգնություն են ստացել: Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: