Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշողը Ալիևը չէ:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքից մեկն է տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանի կազմում:
Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում` Ադրբեջանի կազմում: «Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էր հետապնդում, ոչ միայն կազմակերպում էր ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հոգևոր, մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ասաց նա: