Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությանն այս անգամ կողմ քվեարկեց 103, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ խմբակցություններն հայտարարեցին, որ քաղաքական ուժերը եկել են համաձայնության և գտել են փոխզիջումային լուծում:

 

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում սահմանվում է, որ ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները՝ բացառությամբ զինծառայողների և քրեակատարողական հիմնարկների ցուցակների:

 

Սահմանվում է նաև, որ տեսախցիկներ կտեղադրվեն բոլոր ընտրական տեղամասերում, կլինի ընտրական ողջ գործընթացի ուղիղ հեռարձակում և տեսանկարահանում: Ընտրական օրենսգրքում նաև խստացվում են ընտրախախտումների և կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված պատիժները:

 

Ընդդիմադիրները դժգոհություններ էին արտահայտում նաև կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ հայտարարություն տալու դեպքերի համար քրեական պատասխանատվություն սահմանելու դրույթի հետ կապված: Նրանց հիմնական փաստարկն այն էր, որ անձը կարող է սուտ հայտարարություն ներկայացնել նաև ոչ դիտավորյալ և այդ դեպքում չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

 

Ըստ այդմ՝ դիտավորությամբ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում 2-5 տարի, իսկ անփութությամբ դրա տարածման դեպքում պատիժը կմեղմվի. այս դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկի չափով տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում: