Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ՝ հավաքելով ընտրվելու համար անհրաժեշտ թվով քվեատուների ձայներ:

 

«Քլինթոնը զանգահարել է Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում»,-գրում է CNN-ը:

 

Մինչդեռ Քլինթոնի ընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան կոչ է արել նրա կողմնակիցներին՝ վաղաժամ եզրակացություններ չանել այն մասին, թե ով է հաղթել նախագահի ընտրություններում եւ սպասել պաշտոնական արդյունքներին: «Պետք է հաշվվի յուրաքանչյուր ձայնը: Մի քանի նահանգներում ձայների տարբերությունն այնքան փոքր է, որ դեռեւս վաղ է հայտարարել հաղթողին»,-նշել է նա՝ նոյեմբերի 9-ին Նյու Յորքում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:

 

«Մենք հպարտանում ենք Քլինթոնով: Նա հոյակապ հանդես եկավ, եւ սա դեռեւս վերջը չէ նրա համար»,-հավելել է Փոդեսթան՝ շնորհակալություն հայտնելով Քլինթոնի օգտին քվեարկած բոլոր ամերիկացիներին: