Հնդկաստանի ազգային կոնգրես (ՀԱԿ) իշխող կուսակցության ներկայացուցիչ Աբհիշեկ Սինգհվին մայիսի 16-ին ընդունել է իր կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

 

«Ազգը քվեարկել է մեր դեմ»,-նշել է Սինգհվին՝ խոսելով ՀԱԿ-ի ձայների նախնական հաշվարկի մասին: Հնդկաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին պետք է հրապարակի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն նախնական տվյալները վկայում են իշխող կուսակցության ընդդիմախոսների հաղթանակի մասին:

 

Doordarshan News-ի տվյալներով՝ ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական դաշինքը (ԱԺԴ), որի մեջ մտնում են «Բահարաթիա Ջանաթա Փարթի» կուսակցությունը և նրա դաշնակիցները, առաջատարն է 543 ընտրատարածքներից 65-ում, կառավարող Միավորված առաջադիմական դաշինքը (ՄԱԴ) , որի մեջ մտնում են Հնդկաստանի ազգային կոնգրեսը և նրա դաշնակիցները՝ 42 ընտրատարածքներում: Ինչպես հաղորդել է Times Now հեռուստաալիքը, ընդդիմությունն առաջևից է ընթանում 94 ընտրատարածքներում, կառավարող կոալիցիան՝ միայն 40-ում: Էկզիթ-պոլերի տվյալներով, որոնց արդյունքները հայտարարվել էին մայիսի 12-ին ընտրական տեղամասերի փակվելուց հետո, ԱԺԴ-ն 543 մանդատներից կստանա 289-ը, իսկ ՄԱԴ-ը՝ շուրջ հարյուր մանդատ: Մնացած մանդատները բաժին կընկնեն ավելի փոքր կամ տարածաշրջանային կուսակցություններին:

 

Ընտրություններն ապրիլի 7-ից մինչև մայիսի 12-ն անցկացվել են ինը փուլով: Ներկայիս գումարման պատգամավորների լիազորությունների ժամկետը լրանում է հունիսի 1-ին, խորհրդարանի նոր կազմը պետք է ձևավորվի մինչև մայիսի 31-ը: Ինքնուրույն կառավարություն կազմելու համար կուսակցությանը կամ կոալիցիային անհրաժեշտ է խորհրդարանի 543 տեղերից նվաճել 272-ը: Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 66 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: