Արցախի և Հայաստանի հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակում երկօրյա աշխատանքային այցով Արցախում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների խումբը: Այցելության նպատակը Արցախի հարկային մարմնի աշխատակիցների համար «Կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում» թեմայով ուսուցման դասընթացների կազմակերպումն է և վերլուծական աշխատանքների իրականացման բնագավառում փորձի փոխանակումը:

 

Մինչ այս Արցախի հարկային մարմնի աշխատակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև ընդգրկվել միջազգային դասընթացներում: Այսպես, այս տարի հարկային մարմնի 14 աշխատակիցներ վերապատրաստվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում, ևս 2 աշխատակիցներ ընդգրկվել են միջազգային դասընթացներում: Սակայն այս անգամ այլ ձևաչափ է ընտրվել. հաշվի առնելով, որ ընտրված թեման վերաբերում է մասնակիցների լայն շրջանակի, դասընթացը կազմակերպվել է Արցախում:

 

Դասընթացի բացման ժամանակ ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը, կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, ընդգծել է նման շփումների արդյունավետությունը՝ ինչը երկուստեք շահավետ է, քանի որ թույլ է տալիս ձևավորել միասնական մոտեցումներ հարկային վարչարարության խնդիրների շուրջ: Անդրադառնալով ընտրված թեմային, Ա. Հարությունյանը նշել է դրա կարևորությունը հարկային մարմնի կողմից տարվող աշխատանքներում, ինչը համահունչ է հարկային մարմնի որդեգրած քաղաքականութ յանը: Մասնավորապես, հարկային մարմինը վերջին ժամանակաշրջանում շեշտը դնում է ոչ թե ստուգումների իրականացման, այլ կամերալ ուսումնասիրությունների անցկացման ու դրանց միջոցով տնտեսության ռիսկային հատվածների բացահայտման վրա, ինչը իր հերթին թույլ է տալիս իրականացնել թիրախային հսկողություն՝ կարգապահ հարկ վճարողներին զերծ պահելով անհարկի այցելություններից:

 

Դասընթացն անցկացվում է դասախոսության, քննարկումների, հարց ու պատասխանի մեթոդով: ՊԵԿ մասնագետների կողմից ներկայացվում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից կամերալ ուսումնասիրությունների, պետական բյուջեի պահուստների, հարկային եկամուտների ավելացման ուղղությունների բացահայտման գծով իրականացվող վերլուծական աշխատանքների ոլորտում իրենց փորձը, համատեղ քննարկվում այս ուղղությամբ Արցախի հարկային մարմնի կողմից տարվող աշխատանքները: