Անկասկած, վերջին ամիսների ներքաղաքական դաշտի կարևորագույն ու ուշագրավ ինտրիգներից մեկն էլ շարունակում է մնալ ՀՀԿ հնաբնակներից մեկի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ ստեղծված իրավիճակը. «մեկ գիշերվա մեջ» գահընկեց եղած Աբրահամյանն արդեն բավական տևական ժամանակ է, ինչ չի կարողանում գտնել սեփական տեղը՝ ՀՀԿ արևի տակ: Այն մասին, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել Աբրահամյանի շուրջ ստեղծված այս անորոշ վիճակը, վերլուծություններն ու ենթադրությունները չափազանց շատ են. ոմանք պնդում են, թե իրավիճակը պայմանավորված է վերջին շրջանի ներքաղաքական թոհուբոհով, ոմանք այս ամենում հստակ միտում են տեսնում՝ պատժելու ըմբոստ կուսակցականին, որոշներն էլ՝ առավել միամիտները, հակված են Աբրահամյանի պարապուրդը համարել ընդամենը կարճաժամկետ հանգստով պայմանավորված իրողություն:

Մամուլում սկսել են ակտիվորեն լուրեր շրջանառվել այն մասին, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն արդեն իսկ կողմնորոշվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային կարիերայի հարցում. ասում են՝ առաջիկայում Աբրահամյանին նշանակելու են ՀՀԿ փոխնախագահ՝ քաղաքական գծով: Թե որքանով է համապատասխանում այս ամպագորգոռ լուրն իրականությանը, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ բավարար հիմքեր կան՝ պնդելու, որ Աբրահամյանի՝ պարտադրված արձակուրդը հետզհետե մոտենում է յուր ավարտին, փաստ է. Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ իր մասնակցությունն է բերել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին:

Հովիկ Աբրահամյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, սակայն, այս ամենով չեն սահմանափակվում. վերջին ժամանակներս գործչի ու նրա մերձավոր շրջապատի շուրջ տեղի են ունենում տագնապալի իրադարձություններ, որոնք ոչ մի կերպ ցանկալի չես համարի. Աբրահամյանի հետ կապեր ունեցող պաշտոնյաների են աշխատանքից հեռացնում, յուրատեսակ հակաաբրահամյանական «չիստկաներ» անում, որի նպատակն, ըստ էության, մեկն է. ամենայն հավանականությամբ՝ իշխանությունները փորձում են թուլացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերն ու զրկել նրան իմունիտետից:

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում. ի՞նչ է կատարվում Հովիկ Աբրահամյանի հետ, կամ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նրա անձի շուրջ բարձրացած այս ողջ հակասական աղմուկը:

Այս հարցի պատասխանն իրականում այնքան էլ դժվար չէ կռահել: Հասկանալու համար տեղի ունեցողի իսկությունը, հարկավոր է ընդամենը հաշվի առնել մեկ բան. ամիսներ անց հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են, ուստի՝ իշխանությունների քայլերը նախևառաջ նպատակ ունեն նախապատրաստական այս փուլում հնարավորինս մոբիլիզացնելու կուսակցական ռեսուրսներն ու վերահաս փորձությանն արժանի հակահարված տալու. Հովիկ Աբրահամյանին կրկին «մեյդան» բերելու բուն նպատակը նրա տրամադրության տակ գտնվող ռեսուրսների օգտագործումն է, պատասխանատվությունը շատ իմաստներով նրա վրա բարդելը. Աբրահամյանը դեռևս ունի պոտենցյալ՝ օգտակար լինելու հարազատ կուսակցությանն, ինչն ամենևին էլ ավելորդ չէր լինի կենաց-մահու պայքարի դուրս գալու նախօրեին. ինչո՞ւ չօգտվել մարդու ծառայություններից՝ մանավանդ, որ վերջինս էլ միայն ուրախ կլինի սեփական անձի նկատմամբ իշխանությունների դրսևորած հետաքրքրությամբ:

Իսկ ինչ վերաբերում է չարաբաստիկ «չիստկաներին», ապա պետք է նկատել, որ դրանց միջոցով Աբրահամյանին շատ հստակ «մեսիջ» է հղվում. փորձում են հասկացնել, որ կուսակցական կյանքում նրա դերի ակտիվացումը դեռևս ոչինչ չի նշանակում, և որ նախկին դիրքերը վերականգնելու համար նա դեռ լրջագույն փորձություն ունի անցնելու՝ հանձին խորհրդարանական ընտրությունների:

Իսկ թե հին գվարդիայի ակտիվացումն՝ ի դեմս Աբրահամյանի, ինչպես կարող է անդրադառնալ ՀՀԿ «ռեբրենդինգի» վրա, խոսակցության միանգամայն այլ թեմա է: Ակնհայտ է, սակայն, որ միայն «ռեբրենդինգը» բավարար չի կարող համարվել՝ առաջիկայում ցանկալի արդյունքներ գրանցելու համար, ու կարիք է զգացվելու շատ ավելի շոշափելի բաների, քան կուսակցությանը նոր արյուն ներարկելն է, մանավանդ որ՝ «ռեբրենդինգ» կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ աչքակապություն. հասարակությանը մոլորության մատնելն այնքան էլ հեշտ բան չէ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ