ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրությունը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի բնակիչներից մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացավ: Ըստ ահազանգերի՝ նախկին ՕԵԿ, այժմ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները մարզերում զբաղված են գյուղացիներին խաբելով: Ասվածը հիմնավորենք փաստերով:
Գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ ոգևորված են: Ոչ: Նրանք ոգևորված չեն, որ իրենց կյանքի որակը գնալով լավանում է, որ սկսում են ավելի լավ ապրել, քիչ տանջվել: Պատճառը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամների կողմից տարածած այն տեղեկությունն է, թե գյուղում բոլորի ավանդները վերադարձվելու են: Ըստ գյուղի բնակիչների ահազանգերի և հաղորդած տեղեկությունների՝ կուսակցության տեղի գրասենյակը կամ անդամները հավաքում են բոլորի անձնագրային տվյալները, անգամ՝ մահացածների, և հայտարարում, որ դա արվում է ավանդները վերադարձնելու նպատակով: Համայնքի բնակիչներն այդ հայտարարությունից և մտքից ոգևորված՝ իրենց անձնագրերը տալիս են կուսակցության տեղի ներկայացուցչին: Ուշագրավն այն է, որ գյուղացիները մտածում են, թե ավանդները վերադարձնելը մի քանի օրվա հարց է: Նրանցից ոմանք այլ վայրերում ապրող իրենց համագյուղացիներին էլ են շտապեցնում գնալ գյուղ, անձնագրային տվյալները հանձնել, այլապես ավանդները չեն ստանա:
Կապ հաստատեցինք Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանի հետ, հասկանալու՝ վերջինս տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում իր գյուղում: Գյուղապետը մեր հարցից սկսեց հեգնական ծիծաղել, ապա մանրամասնեց՝ ինչ է իրականում կատարվում:
«Ոնց ասեմ, որ ճիշտ լինի: Մի հատ անուղեղ կա, մեր մոտի «Վերածնունդ»-ից է, Հովհաննիսյան Սամվելը: Ժողովրդին խաբում՝ ասում է՝ ավանդները կվերադարձնենք, հավաքում է, չգիտես ինչեր է անում: Ինքն ո՞վ է, որ ավանդ վերադարձնի»,- ասաց Ուռուսյանը: Նա նույնիսկ տեղյակ էր, որ մահացած մարդկանց անձնագրային տվյալները ևս հավաքում են. «Հա տեղյակ եմ: Դեմն ընտրություններ է, մարդկանց են խաբում, հավաքագրում: Իրավապահ մարմինները կարող են զբաղվեն դրանով, քանի որ նրանք խաբեբայությամբ են զբաղվում»:
Մեր հարցին՝ խոսե՞լ են Սամվել Հովհաննիսյանի հետ այս թեմայի շուրջ, գյուղապետը պատասխանեց. «Չէ, զահլա չունեմ դրա հետ: Ես գիտեմ, որ ամբողջ գյուղը ոգևորված է: Գալիս են՝ ինձ էլ են հարցնում: Ես իրանց ասում եմ՝ ժողովուրդ ջան, նման բան չկա: Ո՞վ է ասել, որ Սամվել Հովհաննիսյանը կամ Արթուր Բաղդասարյանը կարող են ավանդները վերադարձնել: Նա ո՞վ է, որ վերադարձնի:
Գյուղապետի մատնանշած Սամվել Հովհաննիսյանը ևս Ջրաշեն համայնքից է, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, գյուղապետի ընտրություններում էլ առաջադրել էր իր թեկնածությունը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հովհաննիսյանը զայրացած և խուճապահար՝ կտրականապես հերքեց տեղեկությունը. «Էդ ո՞վ ա ասել տենց բաներ: Թող գան՝ ապացուցեն, որ ես անձնագիր եմ հավաքել: Էդ ո՞վ ա խաբար տվել»:
Մեր դիտարկումը, թե անգամ գործող գյուղապետն է այդ մասին տեղյակ, Սամվել Հովհաննիսյանին է՛լ ավելի բարկացրեց և նա սկսեց հայհոյանքներ հասցնել գյուղապետի հասցեին. «Նա ստախոս է, նա ինքն է ստախոսել»: Մենք, այնուամենայնիվ, պնդեցինք, որ իր համագյուղացիներից շատերը հանձնել են անձնագրային տվյալները և դա հերքել ինքը չի կարող, Սամվել Հովհաննիսյանն էլ ՕԵԿ-ականներին բնորոշ դյուրագրգիռ ու զավեշտալի պատասխան տվեց. «Ուրեմն՝ գյուղապետի սարքած մարդիկ են: Ես գյուղապետին «պրատիվնիկն» եմ, կասե՛ն նման բան: Գյուղը տակից վերև քանդեց: Նա տղա՛ չի: Նա թալանչի՛ է: Չի՛ մտածում՝ ժողովրդին ոնց էս վիճակից հանի: Թող իր անցյալը նայի՝ ինչ ա արել»:
Ավելի ուշ՝ ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն զանգահարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության Սպիտակի շրջանի ղեկավարը, ով, ամենայն հավանականությամբ, տեղեկացած լինելով Սամվել Հովհաննիսյանի «հարցազրույցի» մասին, փորձեց սրբագրել վերջինիս հայտարարությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ ավանդների վերադարձման գործընթացի երկրորդ փուլն են սկսում և հույս ունեն, որ այն հաջողությամբ կպսակվի: Ավելին՝ նախկին ՕԵԿ-ը ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու:
Քրիստինա Աղալարյան