Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի եւ տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 36-ի, շուրջ 95 մարդ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհվածների եւ ավելի քան 70 տուժածների մասին: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածներից չորսը երկաթուղային ընկերության աշխատակիցներ էին: Նրանք պատահարի ժամանակ գտնվում էին գնացքներում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, շատերն աննշան վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել է մեկ այլ շարժակազմ: Բախման հետեւանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, եւս երկուսը բռնկել են: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը եւ մերկասառույցը: Ինչպես հայտնել է Սեմնան նահանգի նահանգապետ Մոհամադ Ռըզա Հաբբազը, կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: