Վրաստանի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է վարչական ծախսերի եւ պաշտոնյաների աշխատավարձի կրճատում 10 տոկոսով: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

 

Վրաստանի պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգեւավճարները քննադատության օբյեկտ են ընդդիմության կողմից, որը գտնում է, որ պաշտոնյաները նախեւառաջ հոգ են տանում իրենց գրպանների, այլ ոչ թե մարդկանց մասին:

 

«Մենք պլանավորում ենք կրճատել բյուջետային ծախսերը: Մենք ակտիվորեն աշխատել ենք եւ բյուջետային կազմակերպությունների մեծ մասում աշխատավարձը կրճատում ենք 10 տոկոսով»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

 

Բյուջեի 2017 թվականի նորացված նախագիծն արդեն ուղարկված է Վրաստանի խորհրդարան, եւ առաջիկա օրերին կսկսվի դրա քննարկումը, հաղորդել է Sputnik-ը: