Օրեր առաջ Աջափնյակ վարչական շրջանում սպանություն էր տեղի ունեցել: ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում բուժօգնության է ընդունվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

 

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք կրել) 1-ին մասի հատկանիշներով:Սույն արարքները համապատասխանաբար պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով և առավելագույնը երեք տարի ժամկետով: 


Նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեն մեկ այլ հայտարարություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ վերը նշված 56-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ, ով Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է։ Նախաքննությունը շարունակվում է: 

 

Չխանգարելով նախաքննության ընթացքին՝ ԼՈՒՐԵՐ.com-ը որոշ ուշագրավ մանրամասներ կներկայացնի սպանությունից: Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ 56-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալված 27-ամյա երիտասարդը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ, այժմ՝ Կենտրոնական ավտոկայանի («ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ») տնօրեն Արմեն Սարգսյանի որդին է: 


Սարգսյանի շքեղ առանձնատունը, որը գտնվում է Երրորդ գյուղում, արդեն մի քանի օր է՝ գտնվում է ոստիկանական հսկողության ներքո: Ինչպես պարզեցինք, դա արվում է անվտանգության նկատառումներով, քանի որ սպանված տղամարդու հարազատները սպառնացել են վրեժ լուծել: Սպանության պատճառների մասին, ինչպես մասնավոր զրույցներում հասկացանք, գիտի միայն սպանության մեջ կասկածվող և ձերբակալված երիտասարդը:

 

Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արմեն Սարգսյանի հետ՝ այլ մանրամասներ ճշտելու համար: 

Ք. Աղալարյան