Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ականավոր պետական գործիչ, ոստիկանության գեներալ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

 

Արմեն Երիցյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է հանուն Հայաստան պետության կայացման, ամրապնդման գործին։ Նա ազնիվ ու բարեխիղճ պետական պաշտոնյա էր, ազգի, հայրենիքի նվիրյալ։ Արմեն Երիցյանի ղեկավարությամբ արտակարգ իրավիճակների հայկական համակարգը լուրջ առաջընթաց ապրեց, կայացավ եւ դարձավ մրցունակ ամբողջ աշխարհում։

 

Առանց վարանելու կարող ենք պնդել՝ Արմեն Երիցյանը հայ ազգի երկրապահ զավակ էր։ Հենց նրա ղեկավարած արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջինը գործընկերության հուշագիր ստորագրեց Երկրապահ կամավորականների միության հետ՝ դեռ 2014-ի օգոստոսի 19-ին։ Նրա նախաձեռնությամբ ԱԻՆ համակարգի լավագույն մասնագետներն ընդգրկված են պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման դասընթացներում։ Համակարգի մասնագետները՝ փրկարարներ, հրշեջներ, բժիշկներ եւ այլն, մշտապես երաշխավորում են պատանի երկրապահների անվտանգությունը նաեւ ճամբարային հավաքների ժամանակ՝ թե՛ Սեւանի ափին, թե՛ սողուններով լեցուն լեռներում, դաշտերում, սահմանամերձ բնակավայրերում։ Արմեն Երիցյանի անժամանակ մահն էական կորուստ էր եռասերունդ երկրապահական ընտանիքի համար։

 

Եվս անգամ ընդունեք երկրապահական ընտանիքի անկեղծ ցավակցությունները, հարգելի՛ Երիցյաններ։ Համբերություն ձեզ եւ համոզված եղեք, որ Արմեն Երիցյանի հոգին արժանիորեն դրախտում է հայտնվելու։

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյան