Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում անդրադարձել էր մեր հասարակությանը հուզող այն մի շարք հիմնախնդիրներին, որոնց ցավալի առկայությունը հայոց բանակում փաստվեց ապրիլյան քառօրյա պատերազմի և հետագա ամիսների ընթացքում: Նախ և առաջ, ըստ Վիգեն Սարգսյանի՝ հարկավոր է հասնել նրան, որ բանակից գողանալու հաշվին հարստանալը դառնա անհնար:
Միանգամից երկու տրամաբանական հարց է առաջանում: Առաջինը՝ իսկ միթե՞ դա չէր կարող և չպետք է արվեր փոքր ինչ ավելի շուտ, փոքր ինչ ավելի արագ և պատասխանատվության զգացումով, որպեսզի ապրիլյան պատերազմից հետո ուշքի գալով, մեր հասարակությունը նոր դժգույն բացահայտումներ չաներ իր համար, ի դեմս՝ կոռումպացված և հայ զինվորի հաշվին միլիոններ դիզած սպաների և գեներալների ջրի երես դուրս գալու: Երկրորդ հարցը՝ արդյո՞ք բանակում չծառայած նախարարը հստակորեն գիտակցում է այն մեխանիզմները և իրավական լուծումները որոնք պետք է գործադրվեն վերոնշյալ նպատակին հասնելու համար:
Ըստ նախարարի մեկ այլ դիտարկման կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը: Նախարարը չի մատնանշել, թե կոնկրետ ո՞ւմ համար է «կտրուկ ավելացել» այդ պայմանագրերի արդյունավետությունը՝ հայ զինվորի՞, թե՞ վերոնշյալ կոռումպացված գեներալների, որոնց մեծ մասը, ի դեպ, մինչ օրս շարունակում են իրենց «ազգանվեր» գործունեությունը ՊՆ համակարգում:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև հասարակության մեջ տարածում գտած այն պատկերացմանը, որ սահմանին ծառայություն են իրականացնում միայն սոցիալապես անապահով խավերի երեխաները: Անշուշտ նախարարը փորձեց քիչ թե շատ բանական բացատրություններ տալ այդ երևույթին՝ չկարողանալով ժխտել ակնհայտը: Ըստ նրա՝ ներդրված է վիճակահանության մեխանիզմ, որի արդյունավետության վրա հասարակության մեջ կասկած չի առաջացել: Նախարարը թերևս տեղյակ չէ, որ հասարակության մոտ անվստահություն է առաջացնում ոչ թե վիճակահանության մեխանիզմը, այլ այն փաստը, որ դժվար է հիշել գեթ մեկ դեպք , երբ օլիգարխների կամ հայ երևելի երեսփոխանների զավակներից որևէ մեկը այդ վիճակահանության մեխանիզմով հայտնվեր ասենք՝ նույն հյուսիս-արևմտյան դիրքերում, և իր մաշկի վրա զգար հակառակորդի «ռացիոնալիզմի» ողջ զորությունը: Չկա նման դեպք: Հետևաբար հասարակությունը ունի բոլոր հիմքերը թերահավատ լինելու համար: Իսկ ՊՆ նորանշանակ նախարարը դեռ շատ անելիքներ ունի անցյալի սխալները շտկելու և նոր սխալները կանխելու գործում:
Ստելլա Խաչատրյան