ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի միջոցով 26.08.2016թ.-ին տեղափոխվել է դատարան: Այդ ընթացքում ուղեկցող ոստիկաններ Հմայակ Հ.-ն, Արսեն Լ.-ն և Մանուկ Ե.-ն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, պատշաճ հսկողություն չեն իրականացրել կալանավորի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս անհայտ անձից' անձամբ օգտագործելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայք: Այն հայտնաբերվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկում՝ տեղի աշխատակիցների կողմից կալանավորի անձնական խուզարկության ժամանակ, նրա գուլպայի մեջ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց' ուղեկցող ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: