SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ծառահատումների փաստով:
Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 26-ին՝ Երևանի Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մոնումենտի այգում ինչ-որ վանդալների կողմից ծանր տեխնիկայով ծառերի սպանդ իրականացնելու փաստով, երբ Շուռիկ մականվամբ տղամարդը անգամ իր վանդալիզմին վերջ չէր տալիս, երբ տեսանկարահանվում էր այդ ամենը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, սեպտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանի կոմունալ և բնապահպանության բաժինների աշխատակիցները կանխել էին Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ ծառերի սպանդ իրականացնող, ժողովրդի կողմից «Շուռիկ» մականունը ստացած «ծառերի մանյակի» հերթական ապօրինությունները։
Թաղապետարանում տեղեկություններ էին ստացել, որ Շուռիկը նշված հատվածում բերել և տեղադրել է վագոն-տնակ, որպեսզի հետագայում սպանդի ենթարկված ծառերի հատվածը վերածի բետոնե զանգվածի, որտեղ կառուցելու է ինչ-որ շինություն։ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքել էին ահազանգին և Շուռիկի ապօրինությունները դադարեցրել էին։ Իսկ վագոն-տնակը թաղապետարանը տեղափոխել էր համապատասխան վայր։