2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն' ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ-ի ոստիկանությունը:
Հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության' հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին: