ԼՈւՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որով էլ կորոշվի «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը. կամ կվերագործարկվի, կամ կտանեն վերջնական կործանման։ 

 

Ինչպես դատարանից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, ժողովի ժամանակ ձևավորվեց պարտատերերի խորհուրդ, որում ընդգրկվեցին հինգ խոշոր պարտատերերը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը (մոտ 11 մլրդ դրամ), Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն (10 մլրդ), «Գազպրոմ Ամենիա»-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն (22 մլրդ 822 մլն)  և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն (6մլրդ): Մնացած պարտատերերը չընդգրկվեցին խորհրդում, որովհետև պարտքի չափը խոշոր չէր: Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ 292 պարտատերերից, դատարանի որոշմամբ՝ առաջին ժողովին ներկայացել ու գրանցվել է 10 պարտատեր:

 

Ասատրյանի տեղեկացմամբ՝ «Նաիրիտ» գործարանում ներկայում ընթանում են գույքագրման աշխատանքներ, ձևավորվել է հանձնաժողով: «Սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չի ներկայացվել, ընկերության նկատմամբ պետք է սկսվի օտարման գործընթաց»,- ասաց նա: 

 

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով ևս պարտատերերից էր, սակայն չընդգրկվեց խորհրդի կազմում, քանի որ պարտքի չափը խոշոր չէր, իր խոսքում փաստեց՝ առղջացման ծրագիր չի ներկայացվել, իսկ պարտատերերի ժողովից հետո, ըստ օրենքի, այլևս հնարավոր չէ առողջացման ծրագիր ներկայացնել: Հետևաբար՝ գործարանը գնում է լուծարման: Նա շեշտեց՝ Կառավարությունն, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, արհամարհեցին 12 կուսակցությունների անունից ուղարկված նամակ-առաջարկը: 

Սնանկության կառավարիչն էլ իր հերթին նշեց, որ գործարանը կարող է առողջանալ նույնիսկ լուծարման գործընթաց սկսելուց հետո. «Լուծարման գործընթացը չի կարող ամբողջ գործընթացների վերջը համարվել: Ընկերությունը կարող է առողջանալ, ոչ թե առողջացման ծրագիր ներկայացվել, անգամ լուծարման գործընթացի սկսումից հետո»,- ասաց Կարեն Ասատրյանը: Ի դեպ՝ վերջինս, հենց ժողովի սկզբից էլ շահագրգռված չէր, ոպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեին գործընթացը՝ պատճառաբանելով, որ հնարավոր է՝ քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք լուսաբանման ենթակա չեն: 


ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս ժողովը վերջնական որոշեց գործարանի ճակատագիրը, ասաց. «Ես այդպես եմ մտածում»: Իրենց հետագա քայլերի մասով՝ դատարանում հավաքված նաիրիտցիներն ասացին՝ պայքարելու են մինչև վերջ: 

 

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցությունները, ովքեր մտահոգ են գործարանի հետագա ճակատագրով, 2017 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

 

Սակայն Կառավարությունից նրանց նամակն ուղարկվել էր Էներգետիկայի նախարարություն, այնտեղից էլ՝ գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին: 

 

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com

 

Քրիստինա Աղալարյան