Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրապարակեց իրենց կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակը՝ վստահաբար հայտարարելով, որ իրենց ցուցակում ընդգրկված չեն մականունավոր պատգամավորներ:
Բաղդասարյանն ասուլիսի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրենց մասնակցության ձևաչափն ու քաղաքական պայքարի մեխանիզմները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Ըստ Բաղդասարյանի՝ ՀՎԿ-ն տարիներ շարունակ պայքարել է և շարունակելու է պայքարել գանձագողության և պետական թալանի դեմ, սակայն իրենց ծրագրերի իրականացման համար կա նախապայման՝ իրենք պետք է Ազգային ժողովում կազմեն քաղաքական մեծամասնություն:
Լրագրողների դիտարկանը, որ ինքն ունեցել է իր կողմից առաջ քաշված ծրագրերը կյաքնի կոչելու հնարավորություն՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու շրջանում՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Դա իրական կոալիցիա չէր, այն ժամանակ մենք չենք ունեցել որոշումների վրա ազդելու հնարավորություն»:
Այս պարագային արդարացի հարց է առաջանում, եթե Բաղդասարյանը դժգոհ էր իրեն թելադրված խաղի կանոններից՝ ինչո՞ւ էր մաս կազմում այդ կոալիցիայի՝ վտանգելով իր կուսակցության քիչ թե շատ չարատավորված ու իրական ընդդիմադիրի համբավը:
Արթուր Բաղդասարյանն իրեն բնորոշ էնտուզիազմով ողջ ասուլիսի ընթացքում թվում էր իր թիմի կողմից առաջարկած այն ծրագրերը, որոնք ինչ որ չափով իրականություն են դարձել՝ մի քանի անգամ օրինակ բերելով ավանդների փոխհատուցման պետական ծրագիրը:
Մամլո ասուլիսի ընթացքում Արթուր Բաղդասարյանին հունից հանեց լրագրողի հարցը՝ կապված Մարտի մեկի դեպքերի հետ. «Մարտի մեկի մեջ մեզ մի՛ մեղադրեք, ուզո՞ւմ էիք, որ Հայաստանը դառնար այսօրվա Ուկրաինան ու Վրաստանը, որոնք կորցրեցին իրենց տարածքների զգալի մասը: Ո՞վ էր պատասխան տալու, եթե Ղարաբաղը կորցնեինք, իսկ Երևանը դառնար արյան ծով: Մարտի մեկի պատասխանատուներն այն մարդիկ են, ովքեր ժողովրդի վրա զենք կիրառելու հրամանտվեցին»:
Արդյոք Արթուր Բաղդասարյանը կգնա ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցին՝ վերջինս պատասխանեց. «Այո՛, մենք կկազմենք կոալիցիա, եթե կառուցվի Իրան-Հայաստան նավթամուղ, Իրան-Հայաստան ջրատար: Մենք կոալիցիա կկազմենք, եթե ունենանք որոշումների վրա ազդելու իրավունք և հնարավորություն»,-նշեց ՀՎԿ առաջնորդը՝ ժողովրդին կոչ անելով գնալ գաղափարական հեղափոխության:
Աղավնի Սուքիասյան