Ավարտվեց բասկետբոլի 2001-2002 թթ. ծնված պատանիների Երեւանի առաջնությունը: Մրցաշարի չեմպիոն դարձավ «Գրանդ սպորտի» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արաբկիրի N1 մարզադպրոցը, երրորդը՝ Արաբկիրի խաղերի մանկապատանեկան մարզադպրոցը: Այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ-ի կայքը:

Առաջնությանը մասնակցեց 8 թիմ: Առաջին երեք հորիզոնականները գրաված թիմերը, ինչպես նաեւ՝ 4-րդ տեղը զբաղեցրած Աջափնյակի վարչական շրջանի թիմը, իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով՝ այսօրվա արդյունքները գոհացուցիչ չեն.

«Միայն առաջին երեք տեղերը գրաված թիմերի մեջ էր հավասար պայքար ընթանում: Սրանք մարզադպրոցների ավարտական տարիքի թիմերն են, եւ այս առաջնությունը կարծես ավարտական քննություն լինի նրանց համար: Սակայն, մրցաշարի արդյունքները բավարար չեն: Միջազգային խաղերի փորձ միայն «Գրանդ սպորտի» թիմն ունի, մնացածի մոտ այդ փորձը բացակայում է»,- նշեց մարզիչը: