Այսօր՝ մարտի 2-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում բանավեճ տեղի ունեցավ գործադիր մարմնի անդամների միջև, ինչը կառավարաության նիստերի դեպքում անսովոր երևույթ է, քանի որ նիստերը սովորաբար ընթանում են առանց քննարկումների և բանավեճերի:

 

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը վարչապետին առաջարկեց նիստի օրակարգից հանել օրակարգի առաջին հարցը՝ ըստ որի՝ Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում՝ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:

 

Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ իրենց տեղյակ չեն պահել մշակվող օրենքի մասին:

 

Աղվան Հովսեփյանը, չցանկանալով, որ առաջին օրակարգային հարցի քննարկումը շարունակվի, հավելեց, որ չորս քննական մարմիններից ոչ մեկին էլ քննարկվող նախագիծը չի ուղարկվել. «Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ»,-բողոքը չթաքցրեց Հովսեփյանը:

 

Բանավեճին միջամտեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ իրենք մշտապես մշակվող օրենքների նախագծերը ուղարկում են էլեկտրոնային տարբերակով, ըստ էության, հերքելով Հովսեփյանի ասածը:

 

Նշենք, որ բանավեճի տեղի տված հարցը վարչապետին պատրաստվում էր զեկուցել Արդարադատության նախարարը: Ըստ նախարարի՝ դատախազության հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ՝ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ և տա համեմատական վերլուծություններ:

 

Միջադեպից հետո, սակայն, վարչապետը օրակարգից չհանեց հարցը: Նախարարը զեկուցեց, որից հետո վարչապետը տվեց երեք օր ժամանակ՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: