Ռուսաստանի Պետդուման կքննարկի նախագիծ, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն տալ այն բոլոր մարդկանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս նախագիծը որակեց սպասված օրենք Ռուսաստանի համար, մտահոգիչ՝ հայերիս համար. «Հաշվի առնելով Ռուսաստանի վարած տարածքային քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ սա սպասված օրենք էր ՌԴ-ի համար, բայց մտահոգիչ է այն մեզ համար: Սա ավելի կմեծացնի արտագաղթը: Բացի արտագաղթի տեմպերի ավելացումից, սա նաև կուժեղացնի Ռուսաստանի լոբբինգը և ՌԴ շահերի պաշտպանությունը Հայաստանում»:
Ազգագրագետի համոզմամբ՝ մեզ՝ հայերիս համար, խիստ մտահոգիչ պետք է լինի նաև հանգամանքը, որ մեր երկրում Ռուսաստանի քաղաքացի համարվող Հայաստանի բնակիչները հանդես կգան այդ պետության շահերի պաշտպանությամբ. «Հիմա մեր երկրում կառաջանա խնդիր, երբ Հայաստանում ՌԴ քաղաքացիները կպահանջեն ռուսական դպրոցների անհրաժեշտությունը, նրանք կարող են պահանջել նաև ռուսերեն լեզվին պետական կարգավիճակ տալու անհրաժեշտությունը: Ռուսական լոբբինգը օբյեկտիվորեն կունենա պետական ամրագրում, քանի որ մեր երկրում ստեղծված են այնպիսի պայմաններ հայաստանցիների համար. երկրից հեռանալն ու Ռուսաստանում ապրելը»:
Հրանուշ Խառատյանն, առանձնացնելով վերը նշված օրենքի նախագծի բացասական կողմերը հայերիս համար, հավելեց նաև, որ շուտով Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիներն իրենց օրենքով սահմանված իրավունքով կզբաղվեն մեր երկրում այլ երկրի լոբբինգով, կորոշեն որտեղ սովորել, որտեղ ծառայել, և ցավալի է, որ հայաստանյան իշխանությունները չեն կարող որևէ բանով այս ամենին հակադարձել:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական մամուլում հրապարակված տեղեկատվության՝ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծի, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Փաստաթուղթը նախատեսում է ուղղումներ «ՌԴ քաղաքացիության մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքներում։
Այն մշակվել է՝ համապատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի։