Tert.am - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու հաստատեց, որ նորից Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավոր ռազմական գործընկերը տարածաշրջանում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Ըստ նրա, այս այցի ժամանակ Ռուսաստանին երկու կարևոր հարց էր հուզում։ «Նախ այն, որ Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհով Եվրոպային գազ ու նավթ է մատակարարում և Ռուսաստանը փորձում էր մեղմացնել այդ քաղաքականությունը և երկրորդը, որ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիների նկատմամբ»,-նշեց նա և հիշեցրեց, որ Բաքուն չի մասնակցում ո՛չ Մաքսային միության, ո՛չ ԵվրԱզԷս–ի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի ինտեգրացիոն գործընթացներին։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք վաճառեց Ադրբեջանին մինչև Պուտինի այցը Բաքու՝ դրական ֆոն ստեղծելու նպատակով։
«Զենք վաճառելու համար ուներ նաև այլ նպատակներ, բայց դրական ֆոնն ակնհայտ էր՝ արդյունքում մենք տեսանք, որ ոչ մի սկզբունքային հարցերում համաձայնության չեկան, Բաքուն չփոխեց իր դիրքորոշումը երկու սկզբունքային հարցերում»,- ասաց նա և ավելացրեց, որ հասկանալիորեն Ռուսաստանն էլ ի պատասխան չփոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։
«Իհարկե, երկու երկրների միջև ստորագրվեցին փաստաթղթեր, կամուրջ է կառուցվելու և այլն, բայց սկզբունքային որոշումներ չեն ընդունվել, դա նշանակում է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում չի փոխվի, և դրա վկայություն է Պուտինի հայտարարությունը Բաքվում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ինչը նշանակում է, որ բանակցային պրոցեսը կշարունակվի, ոչ մի արագացում լուծման պրոցեսում չի լինի»,-մեկնաբանեց նա։
Քաղաքագետը նկատում է, որ Ադրբեջանը ո՛չ Հայաստան է, ո՛չ էլ Վրաստան, այնտեղ կա նավթ, գազ և ծով։ «Հետարքրքությունը մեծ է, Ռուսաստանի հետաքրքրությունն ու շահերը, բայց այն, որ Ադրբեջանը հեռանում է (Ռուսաստանի ազդեցության տիրույթից – Tert.am), պարզ է, որ մտահոգում է Ռուսաստանին»,- ասաց նա։
Քաղաքագետը նշեց նաև, որ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանին ընդունեց հավասարը հավասարի սկզբունքով։ «Ադրբեջանը չի սակարկում իր սուվերենությունը։ Պարզ է չէ՞, որ դուք տալիս եք նավթը, գազը Ռուսաստանին և Ռուսաստանն է ծախում, ձեր սուվերենության մի մասը փոխանցում եք նրան։ Ադրբեջանը հստակ ասաց, որ մեր սուվերենության հարցը չենք քննարկի։ Ավելին, եթե եվրասիականության ինստիտուտներում ընդգրկվես, նույնպես մի մասը տալիս ես, Ադրբեջանն այստեղ էլ չի պատրաստվում գնալ»,- նշեց նա։