Մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպվել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում են շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեման է՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ բլոգերներն այցելել են Արցախ՝ ծանոթանալու նրա մշակույթին, պատմությանը, բնությանը, ժողովրդին, հանդիպում են ունենում հետաքրքիր մարդկանց հետ, և քանի որ բոլորը խոսում են Արցախի մասին, հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ իրենց ընկերներից մեկը՝ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն էլ տուժեց Արցախ այցելելու պատճառով, որոշեցին գալ ու ծանոթանալ Արցախին:
Հարցին՝ նկատի ունենալով Լապշինի հետ կատարվածը, բլոգերների մոտ մտավախություն չկա՞ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու, Տիգրան Քոչարյանն ասաց, որ բլոգերներից որևէ մեկի մոտ նման մտավախութուն բացարձակապես չկա:
Դիտարկմանը՝ Հայատանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որպեսզի Լապշինի հետ կատարվածը չկրկնվի, մեդիափորձագետը պատասխանեց.
«Լապշինի դեպքը չկրկնելու համար ամենաճիշտ քայլն այն է՝ ինչքան հնարավոր է շատ մարդ գա Հայաստան: Այցերի հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ ինքը հակառակ ազդեցությունն է ունենում: Նա Լապշինին ձերբակալելով՝ ուզում էր վախեցնել, սակայն այդպես չեղավ. այսօր Արցախում են գտնվում երեք տասնյակ մարդ տարբեր երկրներից: Եթե Ադրբեջանն ավելորդ քայլեր անի, իր համար ավելի վատ կլինի:
Հատկապես վերջին շրջանում՝ անընդհատ մարդիկ են գալիս-գնում, 100 դիտորդ եկավ սահմանադրական հանրաքվեին և հիմա էլ 30 բլոգեր է այցելել: Ադրբեջանը պետք է հաշտվի և հասկանա, որ իր արածն ուղղակի խայտառակություն է:
Օտարերկրացիները շատ լավ գիտեն ամեն ինչը, և ինձ չի թվում՝ կգնան այն երկրները, որտեղից իրենց կարող են արտահանձնել Ադրբեջանին: Այժմ Բելառուսից ևս բլոգեր կա և նրա մոտ որևէ վախ չի առաջացել, թե ինչ կլինի հետագայում»:
Ադբեջանական մամուլը ևս անդրադարձել է Արցախ այցելած օտարերկրյա բլոգերներին, սակայն նա դրանց քիչ է հուզում, ասաց մեդիափորձագետը. «Ադրբեջանական մամուլում գրում են՝ նոր թեկնածուներ կան Լապշինի հետ նույն խցում նստելու, սակայն, պետք է ասեմ, որ մարդիկ թքած ունեն նրանց ասածների վրա:
Լապշինի բախտը այնքանով չի բերել, որ սխալ տեղում է հայտվել և եթե Բելառուսում հակամարտություն չլիներ, նա էլ որևէ խնդիր չէր ունենա: Եթե Լուկաշենկոն պարտական չլիներ Ալիևին որոշ հարցերում, ապա խնդիր չէր լինի: Ակնհայտ էր այն, որ Լապշինի կալանավորումից հետո այդ լավությունը, որ արեց Լուկաշենկոն Ալիևին, մեր լեզվով ասած՝ Ադրբեջանը «գցեց» Լուկաշենկոյին և էժան նավթի նոր խմբաքանակը չտրամադրեց Բելառուսին»:
Արցախ մեկնելու մասին իր բլոգում տեղեկացրել էր մոսկվայաբնակ Անտոն Նոսիկը: Նա անդրադարձել էր նաև Արցախ այցելելու հետևանքով Ադրբեջանի սև ցուցակում ընդգրկվելու վտանգին՝ նշելով, որ իրեն այնքան էլ չի մտահոգում դա. «Որպես սուվերեն պետություն՝ Ադրբեջանի առկայությունը պատմական սխալ է ու թյուրիմացություն»:
Սոնա Հարությունյան