Ադրբեջանական «սեւ ցուցակներն» այլեւս չեն անհանգստացնում եվրոպացի պաշտոնյաներին: Արցախ այցելած' Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը եւս անհանգստացած չէ Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու հեռանկարով: Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հունիսի 22-ին, լրագրողներին ճեպազրույց է տվել: Արցախ այցի հետ կապված' լրագրողներին հետաքրքրել է նաև ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու' եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը, որին ի պատասխան, Պրոտասեւիչը նշել է, որ դրան հանգիստ է վերաբերում: «Ես արդեն 30 տարի է' քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:
Խոսելով նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին' Պրոտասեւիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես, եվրոպական կողմին հետաքրքրել է, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Քննարկվել է նաև, թե ինչպես պիտի Եվրոպան աջակցի բանակցային գործընթացին, որպեսզի գտնվի հիմնախնդրի վերջնական կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար: Լրագրողների այն պնդմանը, որ Արցախում ապրող ժողովրդի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, Պրոտասեւիչը նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքն ու կամքն արտահայտելու, ինչն ամենակարևորն է: «Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը' հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքները, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնա կան կարգավորման համար առաջարկվող լուծումները պետք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը:
Յացեկ Պրոտասեւիչը նշել է նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ, Եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունը առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը նշել է, որ իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ, բայց, այնուամենայնիվ, Արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորը, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն: