Արցախ այցելած բելգիացի խորհրդարանական պատվիրակության անդամներին չի հուզում այն հանգամանքը, որ կարող են հայտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»: Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բելգիացի պատգամավորները նշեցին, որ Արցախ կատարած այցելությունից հետո նախազգուշացումներ ստացել են Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից, սակայն դա իրենց չի մտահոգու մ: «Դա մեզ չի խանգարելու կրկին վերադառնալ Հայաստան, այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ տիրող իրավիճակին, որովհետև մենք դրա կարիքն ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բելգիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսկինդը:

 

Նա ընդգծեց, որ Եվրոպայում Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը շատ քիչ է, ուստի հարկավոր է, որ եվրոպական տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ ավելի շատ այցելեն այնտեղ, տեղեկություններ հավաքեն տիրող իրավիճակի մասին: «Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի հայկական պատվիրակություններն էլ ավելի շատ այցեր կազմակերպեն Եվրոպա, տեղեկություններ տրամադրեն Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որովհետև Եվրոպայում մարդիկ չգիտեն այս տարածքի մասին, շատ քիչ է տեղեկատվությունը»,- ընդգծեց բելգիացի պատգամավորը:

 

Զյուսկինդը նաև շեշտեց, որ հարկավոր է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպայի տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների շփումները, ինչը ևս շատ կարևոր նշանակություն ունի՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու առումով: «Այս հարցում մենք էլ շատ անելիքներ ունենք: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարթակ է պետք ստեղծել այդ շփումներն ակտիվացնելու համար»,- նշեց նա:

 

Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը Արցախ կատարած այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիրների, տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: