Օրերս ճանաչողական այցով Արցախ էին ժամանել մի խումբ ռուս լրագրողներ և փորձագետներ: Սակայն նրանց հեռանալուց հետո հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հյուրերը հայտնվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Արցախպրես»-ը, խմբի անդամներն այդ մասին հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջերում:
Մասնավորապես, լրագրող Անաստասիա Կարիմովան ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Արժեր Լեռնային Ղարաբաղ այցելել թեկուզ Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում» հայտնվելու գնով: Մինչ այդ ես չէի կարող ենթադրել, որ ԱՊՀ տարածքում, առավել ևս Կովկասում, այն էլ չճանաչված հանրապետությունում հնարավոր են նմանատիպ որակյալ ենթակառուցվածքներ... այդպիսի քաղաքական մրցակցության բարձր մակարդակ և պետական կառավարման թափանցիկություն... Ղարաբաղյան կեյսն ինձ առավել հետաքրքիր է թվում, քան գովազդված «վրացական հրաշքը»»:
Ադրբեջանական «սև ցուցակ»-ում հայտնվել են նաև լրագրողներ Ալեքսանդր Շմելևը, Դմիտրի Բավիրինը, Մարինա Սկորիկովան և Սվետլանա Շմելևան:
Իսկ առհասարակ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջան արգելված է մուտք գործել Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին, Եվրախորհրդի պատգամավորներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ռուսաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, Արգենտինայի, Սլովակիայի, Կանադայի խորհրդարանների պատգամավորներ, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամներ և շատ այլ երկրների պատգամավորներ:
Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն՝ բլոգեր Արտեմի Լեբեդևի, լրագրողներ՝ Իլյա Ազարի, և Սերգեյ Բուտմանի հետ միասին նույնպես հայտնվել են այդ ցուցակում:
«Սև ցուցակ»-ում են նաև «Ֆայնենշլ Թայմսի», «Թայմսի», «Վաշինգտոն պոստ»-ի, «Իզվեստիա»-ի, «Էխո Մոսկվի» և բազում այլ լրատվամիջոցների լրագրողներ: