«Հաց բերողի» հիշատակին իրականացվող բողոքի ակցիաները Ազատության հրապարակում շարունակվում են։ Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, Շահեն Հարությունյանը հարթակից հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արհամարհում է իր քաղաքացիներին։ «Ամեն օր, ժամը 6-ին հավաքվում ենք այստեղ։ Ինձ համար թվաքանակը կապ չունի, անգամ եթե մենակ մնամ։ Մեր նստացույցը շարունակում ենք։ Քիչ թվաքանակ ունենալը չպայքարելու հիմք չէ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ վաղը Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար Համալիրի մոտից լուռ քայլերթ են իրականացնելու։ «Կհավաքվենք ժամը 3-ին և կշարժվենք։ Ովքեր ցանկնաում են, կարող են միանալ քայլերթին։ Հաջորդ օրն էլ տեղի կունենա հուղարկավորությունը, որին կգնանք առանց քայլերթի»,- տեղեկացրեց Շահեն Հարությունյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում երիտասրդների պայքարին թերահավատորեն են մոտենում. «Մարդիկ ասում են՝ դե երիտասարդներ են, պարապ են, եկել են։ Բայց այդպես չէ, մեկը ես այսօր քննության էի համալսարանում, բայց չեմ գնացել, որովհետև ավելի կարևոր գործեր կան այստեղ»։ Հավաքվածները երթը սկսում են։ Ոստիկանությունը հորդորեց չխախտել ուրիշների իրավունքը։ Շահեն Հարությունյանն էլ իր հերթին հավաքվածներին կոչ արեց ոստիկանների հետ լարվածություն չստեղծել, անտեղի չվիրավորել։
Նշենք, որ ցուցարարները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։