Ռուսաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ոչ մի դեպքում չի ցանկանում ազդել այդ երկրի նախագահական ընտրությունների վրա, բայց իրեն իրավունք է վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Ֆրանսիայի հետ մեր հարաբերություններին, միեւնույն ժամանակ ջանում ենք հավասար հարաբերություններ պահպանել ինչպես գործող իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»,-ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ Ֆրանսիայում այժմ ակտվիորեն ծավալվում է նախընտրական արշավը: «Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում ազդել տեղի ունեցող իրադարձությունների վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվել երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այնպես, ինչպես մեր գործընկերներն են անում, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում»,-եզրափակել է Պուտինը: