«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել Իրանին հասցեագրված սպառնալիքներով: Այդ մասին հայտնել է իրանական IRINN նորությունների հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Համացանցում հայտնվել է 37 րոպե տեւողությամբ հոլովակ, որում ներկայացված են ԻՊ-ի երեք զինյալներ:
Աբու Ֆարուք անունով առաջին ահաբեկիչը հանդես է գալիս որպես պարսկախոսների ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում է բելուջներին եւ իրեն անվանում է Աբու Մոջահեդ ալ-Բալուշի, երրորդը՝ Աբու Սաադ Ալ-Ահվազի անունով, խոսում է իբր Իրանի բնակչության արաբախոս հատվածի անունից: Նրանք Իսլամական Հանրապետության իշխանություններին անվանում են հերետիկոսներ եւ բնակչությանը կոչ են անում դիմել անկարգությունների, սադրանքների եւ զինված հարձակում ների:
Ալ Բալուշի անվամբ դիմակավոր մարդը պնդում է, որ ԻՊ-ն «կնվաճի Իրանը»: Հեռուստաալիքի տվյալներով, տարածված տեսահոլովակը նկարահանվել է Իսլամական Հանրապետությանը սահմանակից Իրաքի Դիյալա արեւելյան նահանգում: Տեսանյութն աչքի է ընկնում պատմական փաստերը եւ ռեալ իրականությունն աղավաղող արտահայտությունների առատությամբ, դրանում պնդում են, որ Իրանի իշխանությունները միշտ «կոտորել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: