«Նորք-Մարաշի» զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մեջ դրական փոփոխություններ չեն նկատվում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ինչպես տեղեկացրել ենք օրեր առաջ՝ Վ. Շիրխանյանին ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Թե ինչպե՞ս ստացվեց, որ Շիրխանյանին տեղափոխեցին հիվանդանոց, նրա պաշտպան Հայկ Ալումյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Քանի որ Եվրոպական դատարանը սկսել է այս գործով զբաղվել, ըստ երևույթին պատրաստվում են Եվրոպական դատարանի առջև արդարացումներ գտնել: Եթե պատճառը դա չէ, վերջին մի քանի ամսում առողջական վիճակի մեջ ոչ մի փոփոխություն չի եղել, ապա ինչո՞ւ մի քանի ամիս առաջ չէին տեղափոխում հիվանդանոց:
Թեև Դատապարտյալների հիվանդանոցում պայմանները ևս լավը չեն, սակայն համեմատաբար ավելի լավ է, քան քրեակատարողական հիմնարկում: Թեև այնտեղ չկան այնպիսի պրոֆիլային մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել պարոն Շիրխանյանի հիմնական խնդիրներով, սակայն Դատապարտյալների հիվանդանոցում, գոնե բժիշկների շուրջօրյա հսկողության տակ կլինի»:
Պաշտպանի կարծիքով՝ հիվանդանոցում համեմատաբար ավելի լավ է, քանի որ Երևանի ՔԿՀ-ում պահվում էր սարսափելի պայմաններում. «ՔԿՀ-ում սարսափելի պայմաններ են՝ խոնավ խուց, որտեղ անգամ արև չի ընկնում, այս առումով այստեղ ավելի լավ է: Իսկ եթե համեմատենք այն պայմանների հետ, որտեղ սովորաբար մարդը պետք է ապրի, ապա հիվանդանոցը շատ հեռու է նման պայմաններից»:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում.
«ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն:
05.04.2017թ., հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը և նշանակվել կոնսերվատիվ բուժում՝ կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ»:
Սոնա Հարությունյան