Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
«Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7-ին իրականացվել է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից:
Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար, ինչը վտանգ է ներկայացնում եւ հակասում է միջազգային իրավունքին:
Ավելի վաղ ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:
Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:
Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել: «Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,-ասել է նա:
Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում է իր պարտավորությունները:
Նա սուտ է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: