Մահացել է ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը: Ինչպես տեղեկացրեց թարգմանիչ Արամ Արսենյանը, նա մահացել է ապրիլի 27-ին` 84 տարեկանում՝ ծանր հիվանդությունից: Վերջին մեկ ամսում Փիթեր Սուրյանը 2-3 վիրահատություն է տարել:
«Փիթեր Սուրյանը հրաշալի գրող էր, բազմագիտակ գիտնական, մեծ հայասեր, անչափ պատասխանատու անձնավորություն: Գործից դուրս հրաշալի անձնավորություն էր, պարկեշտ և բարի»,-ասաց Արամ Արսենյանը, ով 12 տարուց ավելի աշխատել է Փիթեր Սուրյանի հետ' թարգմանելով նրա գրքերը:
Փիթեր Սուրյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա ունի Հայաստանում տպագրված 5 գիրք: Դրանցից մեկի' «Լավագույնը և վատթարը ժամանակներից» խորագրով գրքի, շնորհանդեսը տեղի ունեցավ նրա մահվանից մեկ շաբաթ առաջ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
Փիթեր Սուրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում:
Գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Զարեհի Սուրյանը ծնվել է 1933թ. Բոստոնում, մեծացել է Նյու Յորքում։ Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը։ Բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին։
Եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։
Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի, էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի։ Փիթեր Սուրյանի գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում։ Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010) և «Դարպաս» (Երևան, 2011) վեպը։
Նրա վեպերից են նաև «Միրի»-ն (1957), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961):
2010 թվականին Փիթեր Սուրյանը դասախոսություններով հանդես է եկել հայաստանյան մի շարք բուհերում։