Վերջերս մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ իրավիճակը լարված է հատկապես Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ մրցապայքարն ընթանում է հիմնականում երեք թեկնածուների միջև:
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյան «Կադիլակ Սերոժ», «Բելաջոյի Գրիշի» զարմիկ և ՀՀ ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի օգնական Գևորգ Ստեփանյան: Հենց այս թեկնածուների անուններն են շրջանառվում, որոնց մեջ, որպես առաջատար, նշվում է Գևորգ Ստեփանյանի անունը, ում հետ էլ այս թեմայի շուրջ զրուցել է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը:
-Պարո՛ն Ստեփանյան, վերջին շրջանում մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն աշխատել եք Սամվել Ալեքսանյանի օգտին, սակայն ավագանու ընտրություններին ընդառաջ՝ դադարելու եք սատարել ՀՀԿ-ին, բացի այդ՝ լարված հարաբերություններ են առաջացել Ձեր և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հավանական մյուս թեկնածուների մեջ: Համաձա՞յն եք այս լուրերի հետ, թե՞ կփորձեք որևէ կերպ դրանք հերքել:
-Ես երբեք չեմ էլ թաքցրել, որ աշխատել և աշխատելու եմ «Հանրապետական» կուսակցության համար: Չէ՞ որ ես Ազգային Ժողովում պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խորհրդականն եմ: ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ինձ համար հարազատ և ընդունելի է, ուստի, այո՛, ես աշխատել և շարունակելու եմ աշխատել «Հանրապետական» կուսակցության համար: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել եմ Սամվել Ալեքսանյանին, քանի որ բացի նրա կուսակցական գաղափարակիցը լինելուց, ես նաև նրա եղբոր որդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի մտերիմ ընկերն եմ և իմ աշխատանքով ՀՀԿ-ին շարունակելու եմ սատարել: Իսկ այլ հավանական թեկնածուների հետ լարված հարաբերությունների մասին լսել եմ ընդամենը մամուլի հրապարակումներից. նման բան չկա:
-Մայիսի 14-ին երևանցիները կընտրեն քաղաքի ավագանուն, որից հետո էլ կնշանակվեն վարչական շրջանների ղեկավարները: Շատ է շոշափվում հատկապես ձեր անունը՝ որպես ֆավորիտ: Նշվում է, որ շենգավիթցիները Ձեզ են ցանկանում տեսնել իրենց շրջանի ղեկավարի պաշտոնում:
-Ես իմ ստանձնած պարտավորությունների մեջ մշտապես եղել եմ մաքսիմալ հետևողական և իմ գործունեության ողջ ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմով եմ վերաբերվել իմ աշխատանքին: Ազգային ժողովում իմ պարտականությունների կատարմանը նույնպես մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ, և, թերևս, իմ այս մոտեցումը գործի նկատմամբ՝ դարձավ ինձ համար բազմաթիվ հաջողությունների հիմք: Իսկ ինչ վերաբերվում է թաղապետի ֆավորիտ թեկնածու ասվածին, ապա պետք է շեշտեմ, որ անկախ ամեն ինչից, աշխատել և աշխատելու եմ ինձ վստահված գործն առաջ տանելու համար:
-Արդեն մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ասացե՛ք խնդրեմ, ինչպիսի՞ն է լինելու Ձեր մասնակցության ձևաչափը:
-Ինչպես որ մեծ եռանդով աշխատել եմ «Հանրապետական» կուսակցության համար, նույն եռանդով էլ աշխատելու եմ նաև Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ: Ես հերքում եմ այն լուրերը, թե դադարել եմ աշխատել իմ հարազատ կուսակցության օգտին: Շարունակելու եմ նույն ոգով՝ հանուն «Հանրապետական» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի:
Աղավնի Սուքիասյան