Օմարի լեռնանցքում 1.5 ամիս հերթապահած ջոկատայինները վերադարձել են՝ հաջորդ հերթափոխին պատրաստվելու:
Տասնյակ մեքենաների, ՊԱԶ-երի ազդանշանով՝ ինչպես հարսանիքի: Մուսալեռան ճանապարհին հենց երևաց Սեյրան Սարոյանի ու կամավորների ավտոշարասյունը, վերևում սպասողները' դարձյալ համազգեստով, հեռվից, կարծես զինվորական պատվի փոխարեն, արձագանքեցին՝ էն ում հրամանատարն է:
Առաջինը թոռն եկավ Օմարի բարձունքից իջած գեներալ-պապին ընդառաջ: Սեյրանը Սեյրան պապին ասաց ամեն ինչ, ինչ եղել է նրա բացակայությամբ: Նույնիսկ այն, որ Անդոն՝ միայն իրենք գիտեն՝ որ Անդոն, ինչ-որ բան չի տվել Սեյրան կրտսերին: Ամիս ու կես թոռանը չտեսնելուց հետո գեներալ Սեյրանն այնքան ու այնպես կծեց մյուս Սեյրանի թշերն ու թևերը, որ թոռը կարոտը միանգամից առավ: Գնաց հոր գիրկը՝ նա էլ էր դիրքերում: Օմարի լեռնանցքի 3724 մետր բարձունքից իջան, Քարվաճառ-Մուսալեռ ճամփան անցան, պատվով եկան ու հենց այստեղ շուրջկալում հայտնվեցին: Դիմավորում են պաշտոնյաները՝ Վահրամ Բաղդասարյանի, կամ էլ Սուրիկ Խաչատրյանի, թե՞ մարզպետի՝ ճիշտ կլինի ասել՝ բոլորի գլխավորությամբ:
Գեներալը լավ պատկերացնում էր՝ ինչ օպերացիա է մշակվել խորքում՝ շուրջկալը շարունակվում է: Աջից ու ձախից կամավորներին պատանդ վերցրեցին Փարաքարի դպրոցականները: Երկու շարքով շարված աշակերտները պնդում էին՝ գլկի վերև եռագույնը, կռիվ կտան ու կյանք:
Այս գիծն էլ ճեղքեցին անցան, մնաց ամենակարևորը: Լրագրողները՝ հարցերի կրակահերթով: Մեկ րոպե պահանջվեց, որ Սեյրան Սարոյանը նորից դիրքերը երազեր: Այնտեղ ավելի հանգիստ էր: Գերությունից փրկվելու համար հարցերին պատասխանելը պարտադիր է: Հատկապես որ դրանք բազմազան չեն, ու գոնե այսօր՝ առանց սկանդալի: Զինվորներն ինչպես են, դիրքերում ինչ վիճակ է՝ այսպիսի ընդհանուր բնույթի հարցեր: Գեներալին այս գերությունը սկսեց դուր գալ՝ Օմարի սառնամանիքից ու ձյունից հետո հազիվ արև տեսան:
Մուսալեռի փոքրիկ պանթեոնում զոհվածների շիրիմներին ծաղիկներ դնելուց, խաչակնքելուց հետո կամավորները հենց այդտեղ էլ մի պահ կանգ առան. շունչ քաշեն, որ բոլորը միասին հարիսա ուտեն:
Րոպեներ անց, Սեյրան Սարոյանի լեքսիկոնով, իրենց ջանը տաքացավ: Հիմա էլ Քարվաճառի ցուրտն է երանելի: Արամ Պողոսյանը՝ կամ, ինչպես կամավորներն են ասում՝ Արծիվն է հեռախոսով ցույց տալիս՝ քանի մետր է այնտեղ ձյունն այս պահին: Բայց Սարոյանն ու մյուս կամավորները մտադիր չեն այստեղ երկար մնալ: Սա ուղղակի հերթափոխ է: Իսկ հիմա՝ հարիսա ուտելու: Սեյրան Սարոյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրել, պնդում է՝ սեղանի շուրջ պետք է նստեն հիմա այստեղ բոլոր ներկա գտնվողները: Թե չէ ինքն էլ չի ուտի: