Երբ հայտնի դարձավ, որ ռուսահայ գործարար, հայտնի միլիարդատեր, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը նպատակադրվել է գնել ՀԷՑ-ը, բոլորին պարզ դարձավ, որ սկիզբ էր առել մի գործընթաց, որն իրականում շատ ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարող էր թվալ. ակնհայտ էր, որ դա չէր կարող լինել պարզապես ինչ-որ գործարարի պարզ քմահաճության հետևանք կամ Հայաստանի բնակչության համար, ասենք, պարզապես մատուցվող համապատասխան ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլ՝ չնայած՝ հենց այդ հիմնավորմամբ էին փորձում քողարկել գործարքի իրական նպատակները. տեղի ունեցածում պետք էր ավելի շատ աշխարհաքաղաքակնություն տեսնել, քան պարզապես բիզնես-գործարք:

Պարզվում է՝ առաջիկայում Հայաստանում ևս մեկ խոշոր քաղաքատնտեսական գործարքի ենք ականատես դառնալու. Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում են գնել Հայաստանում խոշորագույն հիդրոկասկադ ընկերությունը, որի մեջ է մտնում «Հրազդան» ՋԷԿ-ը, որ ներառում է 9 ՀԷԿ։

Իհարկե, դեռևս չեն հնչել հիմնավորումներն, ու դժվար է ասել, թե այս անգամ ինչ պատճառաբանություն կբերվի՝ սպասվող խոշորածավալ գնումը տնտեսագիտորեն հիմնավորելու համար, սակայն անկասկած է, որ գործարքին ոչինչ ու ոչ ոք չի խանգարելու: Իսկ հարցը, թե ինչ է տեղի ունենում իրականում, առավել քան պարզ է. Սամվել Կարապետյանը, վայելելով ռուսական իշխանությունների անվերապահ աջակցությունն ու վստահությունը, նպատակամիտված կերպով իր ձեռքն է վերցնում Հայաստանի էներգետիկ հզորությունները: Իսկ թե ինչ են նշանակում էներգետիկ հզորությունները ցանկացած երկրի կյանքում, ավելորդ է պարզաբանել. դրանք, ըստ էության, տնտեսության հենասյուներն են, առանց որոնց՝ ոչ միայն տնտեսություն, այլև պետություն չի կարող գոյություն ունեալ:

Առաջիկա գործարքն, անկասկած, իր անջնջելի հետքն է թողնելու նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում. վարչապետ Կարապետյանի դիրքերն այսկերպ անհամեմատ կհզորանան, ինչը կերաշխավորի նրա հարատևությունը երկրի իշխանական բուրգի ամենավերին էշելոններում: Եթե նույնիսկ 2018-ից հետո վարչապետի պաշտոնը մեկ ուրիշին բաժին հասնի, ապա Կարեն Կարապետյանի համար մի այնպիսի պաշտոն կստեղծեն, որն իր ազդեցությամբ ու կշիռով չի զիջի վարչապետի պաշտոնին. Կարապետյանների դերակատարությունը Հայաստանի ներքին կյանքում առաջիկա տարիներին միմիայն հզորանալու է, ինչը, բնականաբար, Կրեմլից կառավարվող գործընթաց է ու միտված է Հայաստանը հարյուր տոկոսով ռուսական ազդեցության գոտի տեղափոխելուն. Հայաստանը շուտով դառնալու է մեկ մեծահարուստի պետություն, ուր առանց այդ մեծահարուստի «դաբրոյի» ու իմացության՝ ոչինչ չի կարող տեղի ունենալ:

Հարցը, թե որքանով կարող է մեր երկրի համար բարդագույն այս ժամանակներում, երբ Անդրկովկասում հետզհետե սրվում է աշխարհաքաղաքական իրավիճակն, իսկ ազդեցության համար մղվող պայքարը թևակոխում առավել վճռորոշ փուլ, Հայաստանի շահերից բխել միայն մեկ աթոռի վրա նստելու իրողությունը, վերլուծության մեկ այլ՝ շատ ավելի ծավալուն թեմա է, բայց որ սկիզբ առած գործընթացն այլևս չունի այլընտրանք, անհերքելի է: Կրեմլում լուրջ են տրամադրված ու ՌԴ կողմից Անդրկովկասի ամբողջական կլանումը սկսում են Հայաստանից ու Հայաստանի միջոցով՝ պրոցես, որի անքակտելի մասնիկն է հանդիսանում նաև այն, ինչի մասին վերևում խոսվեց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ