Կարեն Կարապետյանի հանրապետականացումը, որի մասին խոսվում էր բավական երկար, ու որի շուրջ պտտվում էին հիմնական կարծիքներն ու վերլուծություններն, այլևս իրողություն է: Պետք է նկատել, որ սրա հետ կապված հասարակական կարծիքը երկփեղկված էր մնում բավական երկար ժամանակ. ոմանք համոզված էին՝ Կարապետյանը մինչև վերջ մնալու է իր նախկին դիրքերին ու հրաժարվելու է հանրապետականացվելու տխուր հեռանկարից, իսկ ահա ուրիշներն էլ պարզապես համոզված էին, որ իրականում Կարեն Կարապետյանն այլ ելք չի ունենալու, քան դիմում գրել ու կուսակցականացվել, քանի որ լինել իշխանության մեջ, բայց չհարել որևիցե կուսակցության, բայց հատկապես ՀՀԿ-ին, կնշանակի՝ չունենալ քաղաքական լուրջ հենարան, զուրկ լինել այն բոլոր բարիքներից, որ առաջարկում է իշխող կուսակցությունն՝ իր հարազատ զավակներին: Ժամանակն, ինչպես տեսնում ենք, փաստեց վերջիններիս ճշմարտացիությունն, ու երկրի վարչապետն այլևս ասոցացվելու է իշխող վերնախավի հետ:

Եթե փորձենք սթափ գնահատել իրավիճակն ու զերծ մնալ զգացմունքային գնահատականներից՝ հասկանալու քաղաքական կոնկրետ պրոցեսի պատճառն ու հետևանքն, ապա, վստահաբար, պետք է ամրագրենք, որ իրականում անսպասելի ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու ոչ էլ կատաստրոֆիկ իրադարձության ենք ականատես դարձել. կասկածից վեր է, որ Կարապետյանի հանրապետականցումը, եթե վերջինս լուրջ քաղաքական ծրագրեր ու նպատակներ ունի, անխուսափելի էր: Ուզենք, թե չուզենք, հարմարվենք, թե ապստամբենք, փաստը մնում է փաստ, որ քաղաքական դաշտում ամենակենսունակ ուժը հենց ՀՀԿ-ն է: Ճիշտ է՝ դա այդպես է ամենևին էլ ոչ կուսակցության ունեցած համաժողովրդական վստահության շնորհիվ, այլ՝ բացառապես այն վարչաքաղաքական լծակների, որոնց տիրապետում է «Հանրապետականը»՝ դեռևս անհիշելի ժամանակներից, բայց անհերքելի է, որ եթե ցանկանում ես տրամադրությանդ տակ ունենալ անսահման ռեսուրսներ, կամ գոնե դրանցից օգտվելու թույլատրություն, պարտավոր ես որդեգրվել հայկական էլիտային ծնած ու գուրգուրանքով մեծացրած կուսակցությանը. Կարեն Կարապետյանը վաղուց էր տեղյակ այս ճշմարտությանը:

Իրականում Կարապետյանի հանրապետականացումը հանդիսանում է նույն այն գործընթացի տրամաբանական շարունակությունը, որը սկիզբ էր առել դեռևս ամիսներ առաջ. տնտեսական լծակներին տիրապետելուց հետո Կարապետյանն անցել է գործողությունների երկրորդ արարին ու սեփական տրամադրության տակ է առնում քաղաքական լծակները՝ ընդամենն ամիսներ անց դառնալու երկրի թիվ մեկ դեմքը: Ասել կուզի՝ Կարապետյանի հետ տեղի է ունենում նույնն, ինչ՝ տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի, ով, ժամանակին անկուսակցական լինելով, ևս անդամակցեց ՀՀԿ-ին, դարձավ խորհրդի նախագահ, իսկ հետո՝ կուսակցության ղեկավար. պատմությունն, ինչպես հայտնի է՝ կրկնվելու հատկություն ունի:

Այնպես որ՝ արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել՝ նոր վարչապետի անունն այլևս հայտնի է, և դա Կարեն Կարապետյանն է, իսկ թե լավ է դա, թե՝ վատ, կարող է ցույց տալ միայն ժամանակը. դատողություններ անելու առիթներ դեռ շատ կլինեն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ