Հանրապետության հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ունեցած իր ելույթում, Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց․ «Մենք տոնում ենք մայիսի 8-ի հաղթանակը, հաղթանակ, որը բեկում է մտցրել մեր պատմության մեջ, հաղթանակ, որին սպասում էինք բոլորս: Հաղթանակներ չէինք արձանագրել շուրջ 1000 տարի։ Շուշիի ազատագրումով հայկական կողմը վերցրել է Արցախի, նաև Ուտիքի բանալին»:
Նա հայտարարեց՝ մեր հերոսներն այսօր գտնվում են բանտախցում, և մեր հերոսներին շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ:
Փոստանջյանն ընդգծեց՝ եկել է ապստամբության երկրորդ փուլը:
Քաղաքապետի թեկնածուն նշեց՝ քաղաքական հայտ ներկայացնելով՝ մայիսի 14-ին գնում են ազատագրելու Երևանի քաղաքապետարանը․ «Գնում ենք ազատագրելու կոռուպցիայից, գողությունից, յուրացումից, դավաճանությունից: Երբ այսօր շուրջ 1,5 միլիոն մարդ լքել է Հայաստանը, հավասարազոր է դավաճանության, երբ հայ ժողովուրդն այսօր ստիպված է մարել պարտքը, որը կազմում շուրջ 8 միլիարդ դոլար, հավասարազոր է դավաճանության, երբ Հայաստանից ապօրինի դուրս է բերվել շուրջ 30 միլիարդ դոլար, հավասարազոր է դավաճանության: Այս դավաճանության շղթան այնքան մեծ է, երկար է, ունի 25-ամյա վաղեմություն, բայց միևնույնն է՝ մենք ազատագրելու ենք մեր հայրենիքը դավաճանությունից»:
Նրա խոսքով՝ մայիսի 14-ին ընձեռվել է հնարավորություն փոխելու իրավիճակը. «Մենք ապրում ենք անարդար հայրենիքում: Մենք անկման մեջ ենք: Իրավունք չունենք թույլ տալու անկումը, պարտավոր ենք պաշտպանել հայրենիքը»: