Այսօր Մարտի 1-ի զոհերի հոգեհանգստյան պատարագին ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Մարտի 1-ի» հանցագործությունների միակ մեղավորն այն ռեժիմն էր, որը տիրում էր 2008-ին:

«Բոլորը գիտեն, որ հանցագործությունների միակ մեղավորը գործող ռեժիմն էր՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց նա:

Զուրաբյանն ընդգծեց, որ եթե ցանկանում են բացառել նման դեպքերը, ապա անհրաժեշտ է գնահատականներում զգոն լինել.

«Հենց որ սկսում են «լղոզել» պատասխանատվությունը, ռեժիմից բացի այլ մեղավոր են փնտրում, դա արդեն ուղերձ պետք է լինի, որ հասկանանք, թե դա ինչ է: 5 տարի է՝ իշխանությունները այս հանցագործության պարտակմամբ են զբաղված: Իսկ հանցագործությունների բացահայտման և զոհերի ծնողների ու վիրավորվածների փոխհատուցման խնդիրը պետք է պետականորեն լուծվի: Բայց նախ և առաջ անհրաժեշտ է բացահայտում»: