ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2017 թվականի ամառային զորակոչ և զորացրում կատարելու մասին.


Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները՝ որոշում եմ.


1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

 

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

 

3. 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

 

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2017-05-15