Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը' վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

 

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակններում ստուգում է անցկացրել կոնգրեսում և պարզել, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը:

 

Արդարադատության նախարարությունը կանոնադրական անհամապատասխանությունները շտկելու վերջնաժամկետ է սահմանել 2016-ի հոկտեմբերի 17-ը:

 

Նշված ժամկետում կոնգրեսի կողմից անհրաժեշտ շտկումները չկատարելու պատճառով արդարադատության նախարարությունը կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ հայց է ներկայացրել գերագույն դատարան, որն էլ բավարարվել է:

 

Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը հիմնվել է 2001-ին:

 

Կոնգրեսի գործունեության առանցքը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ուժեղացումը և այս բնագավառում ունի մի շարք հաջողված ծրագրեր:

 

Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ:

 

ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:

 

Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել, թե Ադրբեջանում, թե Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում: