Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

 

Նա արտաքին կապերի եւ Եվրոպայի հետ ինտեգրացման խորհրդարանական կոմիտեներին ներկայացրել է «Վրաստանի եւ Եվրոպայի ոստիկանական ծառայության միջեւ օպերատիվ ու ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ձեւակերպվել Է ապրիլին: Կոմիտեները հավանություն են տվել համաձայնագրին, եւ այժմ փաստաթուղթը պետք է վավերացվի լիագումար նիստում:

 

«Գրանցվել են վրացական ծագմամբ 325 «օրենքով գողեր», որոնց շատ փոքր մասն է գտնվում Վրաստանի բանտերում, մնացածները հետխորհրդային տարածքում են եւ Եվրամիության երկրներում: Փոխնախարարը վստահ է, որ փաստաթուղթը վրացի ոստիկաններին կօգնի խորացնել համագործակցությունն իրենց եվրոպացի գործընկերների հետ, հաղորդել է Sputnik-ը: