Արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն ինչ-որ իմաստով միգուցե կարելի է անակնկալ համարել, քանի որ միառժամանակ առաջ բավական ակտիվորեն շրջանառվում էր Հրայր Ղուկասյանի անունը: Ստեղծված ներքաղաքական կոնյուկտուրայի, նկատվող տենդենցների տեսանկյունից՝ Ղուկասյանի տարբերակն ամենևին էլ որպես ֆանտաստիկա չէր դիտարկվում՝ տեղավորվելով որոշակի իրողություններից բխող տրամաբանության ծիրից ներս:
Թե ինչու հատկապես ընտրությունը կանգ առավ համակարգում բավական տևական ժամանակ աշխատանքային փորձ կուտակած ու համակարգի հարազատ զավակը հանդիսացող Դավիթ Հարությունյանի վրա, ենթադրել ու վերլուծել կարելի է անվերջ: Բայց հիմնական պատճառներն, անկասկած, մի քանիսն են. Հարությունյանը միանշանակորեն յուրային է ընկալվում նախագահականում, արտաքին աշխարհի հետ լեզու գտնելու խնդրում ևս բազում անգամներ հասցրել է ապացուցել իր ընդունակությունները և, ամենակարևորը, փայլուն կերպով տիրապետում է իմիտացիա առաջացնելու տեխնոլոգիաներին՝ հանգամանք, որն այս փուլում չափազանց կարևոր է: Պայմանավորված հատկապես Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ բանեցվող ճնշումներով՝ կապված կոռուպցիայի խնդրի հետ, այսօր իշխանությունների համար կարևոր հարցի է վերածվել արևմտյան երկրների «աչքերին թոզ փչելու» խնդիրը. հարկավոր է կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ իմիտացիա ստեղծել, համոզել աշխարհին, որ մեզանում ևս պայքար է մղվում այդ չարաբաստիկ երևույթի դեմ՝ խուսափելու համար հնարավոր ճնշումներից:
Իսկ անել դա այն պարագայում, երբ Հայաստանում կոռուպցիան հանդիսանում է պետական համակարգի ողնաշարն ու համակարգաստեղծ երևույթ, ոչ բոլորի խելքի բանն է, ինչն էլ, իր հերթին նշանակում է, որ այդ նուրբ գործը պետք է վստահել մեկին, ով մարդկանց համոզելու բացառիկ կարողությամբ է օժտված. Դավիթ Հարությունյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակումը միմիայն իրականություն է դարձել Հարությունյանի բացառիկ կարողությունների շնորհիվ՝ ոչնչից արդյունք ստանալու, ունիկալ բանաձևեր մշակելու ու դրանք հաջողությամբ կյանքի կոչելու, համակարգին անգնահատելի ծառայություններ մատուցելու:
Իհարկե, Դավիթ Հարությունյանի մտավոր բարձր կարողությունների վրա հազիվ թե գտնվի մեկն, ով կկասկածի, սակայն այս ամենը մի կարևոր հարց է առաջ բերում. մի՞թե իշխանությունների համար կոռուպցիայի դեմ պայքարը կարևորվում է բացառապես արտաքին աշխարհում ընկալելի լինելու տեսանկյունից: Մի՞թե բացարձակապես իշխանությունների համար միևնույնն է, թե Հայաստանում կոռուպցիայի ռեալ մակարդակը որքան է, թե կաշառակերությունն ու հովանավորչությունը որքանով են վերելք ապրում, և թե այդ ամենը որքան բացասաբար է անդրադառնում մեր երկի զարգացման վրա: Չէ՞ որ Հայաստանի ապագան մեծապես կախված է նաև այն հարցից, թե որ արժեքներն են մեզանում առավելապես իշխող հանդիսանում: Բայց ինչպես բոլորն են հասկանում, իշխանություններն ավելորդ փիլիսոփայելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ «հավես». հարկավոր է փող աշխատել...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ