Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով` հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է. Նախարարը գտնում է՝ եթե մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, սա չի նշանակում, որ դա բացասական է, նշանակում է, որ կա բացասական ընկալում եւ դա եւս պահանջում է ջանք մեր կողմից, որ բացասական ընկալումները վերացվեն: Ի դեպ, նախարարի կողմից այդքան գովերգվող ժողովրդավարական համակարգը ենթադրում է, որ մեծամասնության կարծիքն արտահայտում է իրերի իրական դրությունը, այլ ոչ թե ընկալումները, հակառակ դեպքում՝ ժողովրդավարություն կոչվածը կդառնար պարզ ֆիկցիա՝ ինչպես՝ օրինակ, Հայաստանի դատական համակարգը:
Եվրամիության աջակցությամբ՝ 2016-ից Հայաստանում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը, որի արդյունքները ներկայացվել են այսօր, մտահոգիչ պատկեր է արձանագրել Հայաստանի դատական համակարգում: Փորձագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, դատարանները ծանրաբեռնված են: Իսկ այդ պայմաններում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել: Սակայն այն փաստը, որ հայ հասարակության 50 տոկսը կիսում է եվրոպական փորձագետների կարծիքը և մտավախությունները, Հարությունյանի համար կատաստրոֆիկ չէ: Ըստ նրա՝ մենք հինգ տարի անց կունենանք մի գործիք, որի միջոցով կկարողանանք անդրադարձ կատարել, թե ինչ հաջողվեց մեզ փոխել արդարադատության ոլորտում և կփոխենք հասարակության բացասական ընկալումը: Ստացվում է՝ նախարարը հինգ տարի պայքարելու է ոչ թե դատական համակարգում արմատացած բացասական երևույթների, կոռուպցիայի, հովանավորչության դեմ, այլ հասարակական ընկալումների: Մինչդեռ ակնհայտ է, որ բացասական անդրադարձն ու բացասական կարծիքները ձևավորվում են բացասական երևույթների հետևանքով։ Բայց դրանց դեմ պայքարելու քաղաքական կամք՝ ՀՀ իշխանությունները դեռևս չեն դրսևորում:
Միգուցե ինչ-որ գերատեսչության ինչ-որ պահարաններում կան հաստափոր հաշվետվություններ այն մասին, թե ինչ հրաշալի քայլեր են արվել դատարանների գործունեության մակարդակը բարձրացնելու համար, միգուցե և հրաշալի նորակառույց դատարանների շենքերն էլ այդ հաշվետվությունների անբաժանելի մասն են: Վստահ ենք միայն, որ ցանկացած արված քայլ կամ ծախսված գումար գրոշի արժեք չունի, եթե չի հանգեցնում արդարադատության իրականացման հարցում հանրային վստահության ավելացմանը: Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը շրիշակից կամ օտարալեզու տերմինով ասած՝ պլինտուսից ցածր է, հետևաբար, յուրաքանչյուր ոք առանց դժվարության, ինքնուրույն կարող է գնահատել դատական համակարգի կայացման հարցում արվող քայլերի արդյունավետությունը: Կարծում ենք՝ դժվար չի լինի...
Ստելլա Խաչատրյան