Հայաստանը Քաթարի Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:
Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Քաթարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը: Նկատելի է նաև Քաթարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճը: Վերջիններիս այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջութ! յունը, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներով:
Բացի այդ, Քաթարի քաղաքացիների համար Հայաստանի հարևան երկրների կողմից արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու մասին ընդունած որոշումները էականորեն խթանում են դեպի այդ երկրներ զբոսաշրջությունը:
Որոշման ընդունումը թույլ կտա Քաթարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ-ում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Հայաստանի և Քաթարի միջև նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ մայիսին Քաթար կատարած այցի շրջանակում: