ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նախագահի շրջապատի անձանց ենթադրվող կապերի շուրջ ընթացիկ հետաքննությունը չպետք է խափանի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջանքերը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թիլերսոնին:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հունիսի 6-ին ժամանել է Նոր Զելանդիա: Վելինգթոնում կազմակերպված մամուլի ասուլիսում Թիլերսոնին հարցրել են, թե նա անհանգստացած է արդյոք Ռուսաստանի հետ կապերի շուրջ տարվող հետաքննությունից եւ Թրամփի վարչակազմի կայունության վրա դրա ազդեցությունից:
«Ես չեմ կարող մեկնաբանություններ տալ, որովհետեւ իրազեկված չեմ դրա մասին»,-ասել է նա:
«Նախագահն ինձ պարզորոշ հասկանալ է տվել՝ չպետք է թույլ տալ, որ այն, ինչ տեղի է ունենում քաղաքականության ոլորտում, խանգարի ինձ կատարելու իմ աշխատանքը, որն այդ առումով հանձնարարված է: Նա շատ հստակ նշել է, որ մենք պետք է առաջընթացի հասնենք»,-հավելել է Թիլերսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: