«Հակակարկտային սարքերն ընդհանրապես գյուղատնտեսության համար չեն աշխատում: Մենք, որպես ֆերմերների ասոցիացիա, հրաժարվում ենք այսօր գործող հակակարկտային կայանների ծառայություններից»:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերեբերյանը՝ իր անհանգստությունն արտահայտելով կարկուտի հետևանքով գյուղացիների կրած ահռելի վնասների մասին:
«Հակակարկտային ծառայությունը չի աշխատում, չինովնիկները նստած, ոչինչ չանելով, աշխատավարձ են ստանում: Նախագահի հանձնարարականը, որը վերաբերում էր բարեփոխումներին, ցանցային համակարգի անցնելուն, անտեսվում է: Ամեն գնով այնպես են անում, որ սարքերը գոյատևեն, իրենք էլ բյուջեից ֆինանսավորվեն: Ոնց որ ացետիլենային, բուտանային համակարգը արդարացրեց իրեն, հիմա էլ հրթիռային համակարգ են բերում` իրենց կառույցը պահելու համար»:
Բերբերյանին մտահոգում է այն, որ մինչ օրս էլ հակակարկտային սարքերի պետական պատվեր կա: Իսկ թե ո՞վ է պատվիրում, ինչի՞ համար է պատվիրում, չգիտեն, և տաս տարի է՝ պայաքրում են դրա դեմ:
«Այդ սարքերը չեն արդարացնում, թե դրանք որտե՞ղ են փորձարկումներ անցնում, ո՞վ է ստուգել դրանց էֆեկտիվությունը, ո՞վ է արտադրում, ինչ միջազգային փորձի արդյունքում են սարքերն ընդունվել որպես հակակարկտային, ինչի՞ անցան բուտանային համակարգի, այս հարցերի պատասախաններն այդպես էլ չենք գտնում»,- վրդովված ասաց Բերբերյանը` ավելացնելով, որ պետք է խիղճ ունենան ու խոստովանեն, որ այդ սարքերը բանի պետք չեն ու տաս տարվա մեջ ոչ մի օգուտ չեն տվել:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած կարկուտի հասցրած վնասի չափին` Բերբերյանը նշեց, որ այս տարվա կարկուտի հասցրած վնասը շատ մեծ է. «Ճիշտ է, սարքերն աշխատել են, բայց ոչ մի օգուտ չեն տվել, չէին էլ տալու, որովհետև բուտանը 5 կմ-ից ավել չի բարձրանում, իսկ կարկուտը ձևավորվում է 8-10 կմ-ի վրա:
Վաղը դիմելու ենք կառավարություն՝ փոխհատուցում ստանալու համար: Գյուղատնտեսությունն անկում է ապրում, ու հիմա էլ՝ ավելի վատացավ վիճակը»,- հավելեց նա:
Նա ընդգծեց` հարկավոր է ուշադրություն դարձնել գյուղացուն, ոչ թե վստահել չինովնիկներին. «Գյուղացու համար բերում են անորակ պարարտանյութ, անորակ սարքեր, անորակ սերմնացու, որը չի ծլում: Ինչքա՞ն կարելի է չինովնիկներին վստահել, որոնք ոչ մի կապ չունեն այս բնագավառի հետ ու պետության միջոցները քամուն տալ: Հետո էլ ասում են՝ բյուջեում գումար չկա: Որտեղի՞ց լինի, որ ձրիակերների բանակը մեքենաները նստած պտտվում է, գյուղացու համար էլ ոչինչ չի անում», - նշեց Բերբերյանը: