ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա:

Այսպես, բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Սակայն հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը նախաքննությունն ավարտելուց հետո իրեն հորդորել է դատարանում ընդունել իր կողմից չկատարված խարդախությունների ևս 7 դրվագ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել մորը: Ա. Հ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել չկատարած հանցագործությունների մեջ, որի համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` պատժի կրման ընթացքում, նույն քննիչն իրեն մեղադրանք է առաջադրել իր կողմից չկատարած խարդախությունների ևս 7 դրվագով` խոստանալով հետագայում կարճել քրեական գործով վարույթը, սակայն խոստումը չի կատարել, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: