Մինչ Հայաստանում շատերը տարված են ներքին խնդիրներով, իսկ քննարկման հիմնական թեման էլ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրն է, բավական հետաքրքրական զարգըացումներ են տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ Բաքվում է գտնվում Ալեքսանդր Պրոխանովը, ով, արդարև, համարվում է ժամանակակից Ռուսաստանի գաղափարական քարոզիչներից մեկը, կրեմլյան քարոզչամեքենայի հիմնական հարվածային ուժերից: Պրոխանովն Արդբեջանում ակտիվորեն հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն իշխանական շրջանակների հետ, տեսակցում Միլի մեջլիսի պատգամավորների ու նույնիսկ Ղարաբաղից արտագաղթածների հետ՝ այդ ընթացքում հանդես գալով ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություններով (նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ խոսել էր Շուշիից, հիշել խորհրդային շրջանի չինովնիկներին և այլն): Մի խոսքով՝ տպավորություն է՝ ասես ռուսները Ադրբեջանի հետ սերտ առնչություններ ունեցող Պրոխանովի միջոցով փորձում են ինչ-որ բան հասկացնել Ալիևին:
Սրան զուգահեռ էլ պարզվում է՝ Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել «Ռիա Դերբենտ» կայքում Ադրբեջանի ապագային վերաբերող յուրատեսակ վերլուծականն, ուր հոդվածագիրը բավական մռայլ գույներով է նկարագրում Ադրբեջանի ապագան այն պարագայում,եթե Ալիևը հանկարծ որոշի Արցախի ու Հայաստանի դեմ մարտական գործողությունների գնալ. հոդվածի հեղինակը, վերլուծելով իրավիճակն ու որոշ գործոններ, հոդվածում հանգում է այն եզրակացության, որ Ադրբեջանին կործանվելուց կարող է փրկել միմիայն Ռուսաստանը:
Հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է այս ինքնատիպ ներկայացման ողջ իմաստն ու նպատակը, կամ ի՞նչ է փորձում Պուտինը հասկացնել Ալիևին: Նախ՝ անկասկած է, որ Պրոխանովի՝ Բաքու կատարած այցի ու համապատասխան ռուսաստանյան կայքում Ադրբեջանի մասին հրապարակման միջև գոյություն ունի հստակ կապ: Ավելին՝ սրանք միևնույն «օպերացիայի» տարբեր բաղադրիչներն են, որ կոչված են մի կողմից սիրաշահելու Ալիևին, շոյելու նրան, մյուս կողմից՝ ենթարկելու սարսափելի շանտաժի՝ Աբշերոնյան թերակղզու ճակատագիրը դնելով խիստ հարցականի տակ՝ կետ առ կետ նշելով այն բոլոր գործոնները, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի փաստացի վերացմանը: Ռուսաստանի ուղերձը Բաքվին՝ մեկն է. ռուսները փորձում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն ամեն կերպ համոզել, որ այդ երկրի ճակատագիրը կախված է բացառապես Կրեմլի քմահաճույքից, ու եթե Ալիևը գնա ինքնակամ քայլերի՝ առանց այդ քայլերը նախապես համաձայնեցնելու Մոսկվայի հետ ու դրանով իսկ փաստի առաջ կանգնեցնելով ՌԴ-ին, ապա վերջինս, օգտագործելով համապատասխան գործիքակազմերը, փաստացի կկործանի Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, Ալիևին Պրոխանովի շուրթերով այլընտրանք է առաջարկվում՝ պայծառ ապագա, Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ, Շուշիի թրքացում: Մի խոսքով՝ եթե հավատալու լինենք Պրոխանովի մեսիջներին, Մոսկվան անելու է ամեն բան՝ Ադրբեջանը տարածաշրջանային գերտերություն դարձնելու համար: Իսկ ո”րն է գինը:
Գինն, անկասկած, մեկն է. Ալիևը պետք է իր մեջ ուժ գտնի ու հակադրվելով Արևմուտքին՝ սկսի վարել ռուսամետ արտաքին քաղաքականություն, մտնի ԵՏՄ և այլն: Ճիշտ է՝ Պրոխանովն անմիջականորեն կարծես ձեռնպահ է մնացել ԵՏՄ-ի անունը տալուց, բայց հաշվի առնելով այն, որ ՌԴ-ի համար ԵՏՄ-ի գաղափարը յուրատեսակ «իդեա ֆիքսի» պես մի բան է դարձել, տրամաբանական է, որ որպես Ադրբեջանի երազանքների կատարման թիվ մեկ նախապայման՝ Կրեմլը հենց այդ երկրի անդամակցություն է դիտարկում ԵՏՄ-ին. Մոսկվան տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ հայտարարել է այդ մասին, բայց արժանացել արհամարհանքի:
Ակնհայտ է, սակայն, որ հուսալ, թե Ալիևը կարող է կտրուկ շարժումներ անել Ռուսաստանի ուղղությամբ, ուղղակի անմտություն կլիներ. «Բրիթիշ Փեթրոլիումը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու Փաշաևների ու Ալիևների հետ, ինչն ուղղակի զրոյացնում է Ալիևի՝ մանևրելու հնարավորությունները. Արևմուտքի համար Ադրբեջանում յուրատեսակ գունավոր հեղափոխություն կազմակերպելը կամ Ալիևիների ընտանիքին արևմտյան դատարաններ քարշ տալը տառացիորեն մեկ րոպեի հարց է, ու սա բեղավորը չգիտակցել՝ ուղղակի չի կարող: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ ռուսական վերլուծական կենտրոններն ուղղակի չեն կարող այս պարզ ճշմարտությունը չգիտակցել, որքան էլ Պրոխանովն Ադրբեջանը համարի իրեն հարազատ երկիր, պետք է եզրակացնենք, որ իրականում ռուսների համապատասխան քայլերը միտված են մեկ բանի՝ Ալիևի ռազմնատենչությունը զսպելուն. Ռուսաստանի վերահսկողությունից դուրս՝ Անդկովկասում որևիցե գլոբալ պատերազմ չի կարող մղվել. եթե պատերազմ կամ վրեժխնդրություն, ապա միմիայն Կրեմլի անմիջական վերահսկողությամբ. իրավիճակը Մերձավոր արևելքում անչափ զգայուն է, ու Ռուսաստանը չի կարող դա հաշվի չառնել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ