Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
22 կողմ, 2 դեմ ձայնով Արամ Աթեշյանի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է այս առավոտ։
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները:
Արամ Աթեշյանը, սակայն, պարբերաբար ձգձգում էր իր հրաժարականը գրավոր ձևակերպելու ու պաշտոնականացնելու հարցում, ինչի պատճառով էլ Եկեղեցական խորհուրդը ստիպված է եղել քվեարկության միջոցով կարգալույծ անել վերջինիս։